‘Օրվա համառոտ ամփոփում’

769

Այսօր հայտնի է դարձել, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները 2014թ. հուլիսի 15–ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալել են աշխարհի ամենահարուստ հայերից մեկին՝ գործարար Լևոն Հայրապետյանին, ով Մոսկվա էր ժամանել Մոնակոյից: Գործարարին ձերբակալել են «кингисеппский» հանցավոր խմբի գործունեության հետաքննության շրջանակներում։ Հանցավոր խմբավորման հետ Հայրապետյանի հնարավոր կապի մասին քննիչներին հայտնել է ՌԴ Դումայի Վերին պալատի նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում։

Շանթ Հարությանյանը այսօրվա դատական նիստի ժամանակ հրաժարվեց իր պաշտպան Ինեսա Պետրոսյանից՝ փաստաբանի արձակուրդ մեկնելու պատճառով: Հարությանյանին հաջորդեցին իր որդին՝ Շահեն Հարությունյանը եւ ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը: Քանի որ Շահեն Հարությանյանին արգելվում է ներկա գտնվել նիստին առանց ներկայացուցչի ՝ անչափահաս լինելու պատճառով, նրա պաշտպանությունը ստանձնեց փաստաբան Արա Զաքարյանը: Նիստի ժամանակ այսօր ցուցմունք տվեց ՀՀ ոստիկանության Երևանի հատուկ ջոկատի 4-րդ վաշտի հրամանատար Գեղամ Խաչատրյանը

Արագաչափերի, տեսախցիկների և կարմիր գծանշանների դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը հուլիսի 17-ին սկսում է խախտումների համար վարորդների ստացած տուգանքների բողոքարկումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը: «Մենք անցնում ենք պայքարի հաջորդ փուլ, կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին տուգանքների կտրոնները բերել մեր գրասենյակ, եւ մենք դրանք ամբողջը կբողոքարկենք»,-ասաց Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ բողոքարկամ համար արդեն իրավաբանների խումբ է ձեւավորվել, իսկ բողոքներն իրենք կընդունեն վաղը առավոտվանից իրենց գրասենյակում: 

Այսօր «Քիմպրոմի» շուրջ 150 աշխատակիցներ հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացրել եւ հավաքվել են մարզպետարանի մոտ: Աշխատակիցները պահանջում էին պատասխան տալ իրենց հարցերին, ինչպես նաեւ՝ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ներկայությունը:  Նշենք, որ ցուցարարներն ամենաշատը մեղադրում են հենց վերջինիս, իսկ աշխատակիցներից շատերը նույնիսկ կարծում են, որ գործարանի  սեփականատերերից մեկը հենց Մովսիսյանն է: Նրանց կարծիքով՝ բացի Մովսիսյանից՝ իշխանությունների որոշ ներկայացուցիչներ եւս գործարանի սեփականատեր են հանդսիանում: 

Վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները հավաքվել էին Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց: Հավաքվածներին շուրջ 7 տարի առաջ հանել էին սեփական բնակարաններից՝ խոստանալով 2.5 տարում նոր բնակարաններ հատկացնել, բայց առ այսօր իրենք ապրում են վարձով, իսկ խնդրի լուծման հեռանկարն այդպես էլ չի երևում։ Սերժ Սարգսյանը, դուրս գալով առանձնատնից, մոտեցավ ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրեցին իրենց խնդիրը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասաց .«Ուրեմն զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրեցին, թե երբ, որևէ շինարարություն չի իրականացվում: Հաջորդեց Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ  պատասխանը: Մանրամասները՝ այստեղ

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի հերթական օրն ազդարարվել է «Ռեժիսորներ առանց սահմանների»  ծրագրի բացմամբ:  «Ոսկե ծիրան» -ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այնուհետև   հաջորդել են արդեն ավանդական մամուլի ասուլիսները: Լրագրողների հետ հանդիպում և անկեղծ զրույց է ունեցել հռչակավոր ռեժիսոր Ամոս Գիտայը: Տեղի է ունեցել նաև հանդիպում միջազգային խաղարկային մրցույթում ընդգրկված «Ես նա չեմ» ֆիլմի ռեժիսոր Թայֆուն Փիրսելիմoղլուի հետ: 

Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչության քննիչները այսօր ձերբակալել են մոսկովյան մետրոյի վթարի գործով երկու կասկածյալների: Ձերբակալվել են «Մոսկովյան մետրոպոլիտեն» ՊՄՁ ուղեգծի ծառայության ճանապարհային վարպետ Վալերի Բաշկատովը և ուղեգծի ճանապարհային վարպետի օգնական Յուրի Գորդովը: Հետաքննության վարկածի համաձայն՝ կասկածյալներն անփութություն են դրսևորել նոր տեղամասի գործարկման համար սլաքի տեղափոխումը կարգավորելու աշխատանքներում, որոնք «Հաղթանակի պուրակ» — «Սլավյանսկի բուլվար» կայարանների միջև սկսվել էին այս տարվա մայիսի վերջից: 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 16-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Ժամանակակից միապետների կյանքից’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոն»-ի Սուարեսից մինչև «Չելսի»-ի Ֆաբրեգասը’