‘Օրվա համառոտ ամփոփում’

809

Մինչ անդրադառնալը օրվա հիմնական իրադարձություններին, ձեզ ենք ներկայացնում iLur.am-ի հարցազրույցը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: 

* * *

Հուլիսի 19-ին` երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում իրականացվել է ծրագրված հարձակում Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր դասի, թեմի պաշտոնեության և հավատացյալների վրա:  Այս կապակցությամբ Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը հայտարարություն է տարածել, որտեղ նշում են  նաև դեպքի մանրամասները: Հարձակման մասին հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը:

«Միջադեպը միջէթնիկական բնույթ չԷր կրում: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում, ավտոմեքենայի կայանման պատճառով: Հետաքննությունը վարում են 125-րդ հոդվածով (մարմնական վնասվածքներ հասցնելը)»,- այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:  

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայի Բասմանյան դատարանը խոշոր գործարար և հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին կալանավորելու որոշում է կայացրել: Հայրապետյանին կասկածում են դրամական միջոցների վատնման և լվացման մեջ:

Պաշտպանական կողմը բողոքարկում է գործարարի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի կիրառման որոշումը: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Նրա խոսքով՝ իրենք Մոսկվայի քաղաքային դատարանից պահանջում են չեղարկել Բասմանի դատարանի որոշումը եւ ազատ արձակել Լեւոն Հայրապետյանին, քանի որ որոշումը անօրինական է եւ անհիմն:

Գագիկ Ծառուկյանը մտահոգված է Լևոն Հայրապետյանի ձերբակալության փաստով. ասել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ ի պատասխան «Tert.am»-ի հարցին, թե ինչպես է վերաբերվում Գագիկ Ծառուկյանը հայազգի գործարարի ձերբակալությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ «ԲՀԿ ղեկավարը բարձր է գնահատում Լևոն Հայրապետյանի մարդասիրական գործունեությունը Հայաստանում ու Արցախում, և գտնում է, որ ՀՀ իշխանությունները պետք է անեն հնարավորը՝ պետական խողովակներով իրականությունը պարզելու համար։ Իր կողմից Գագիկ Ծառուկյանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, ցուցաբերելու ցանկացած օգնություն՝ Լևոն Հայրապետյանի իրավական աջակցության համար»,- նշել է  Իվետա Տոնոյանը։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ: Այս մասին Արմինֆոյի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ` հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված, ինչն իր հերթին դժվարացնում է բերքահավաքը: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Խարկովի քաղաքապետը մեղադրում է Ավակովին՝ իր դեմ մահափորձ կազմակերպելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Տեր Շտագեն. «Շատ հաճելի էր վերջապես խաղալ «Բարսելոնայի» համար»’