‘Օրվա համառոտ ամփոփում’

811

Այսօր Քաշաթաղի հյուսիսային մասում «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, պայթել է ականապատ տարածքում, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 3 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ: Վիրավորների մեջ է եղել նաեւ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, ում մյուս վիրավորների հետ ուղղաթիռով տեղափոխել են Երևան, իսկ մահացածը նրա վարորդն էր՝ Արամը: 

Քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի սալջարդ, արյունազեղում, դեմքի բազմաթիվ վնասվածքներ եւ ձեռքի 5-րդ մատի կոտրվածք։ Նա գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում։  

Հայ ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանի կալանքը հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը, քանի որ հիվանդությունների նման շարքի պայմաններում նրան իրավունք չունեին ձերբակալել: Այդ մասին այսօր՝ հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայրապետյանի փաստաբաններից Արթուր Սաֆարյանը: Նրա խոսքով՝ ներկայումս Լեւոն Հայրապետյանը գտնվում է Ռուսաստանի դաշնային ծառայության N1 վարչության պատիժների իրականցման «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանում: Ի պատասխան հարցին՝ արդյոք Հայրապետյանի կալանքը քաղաքական ենթատեքստ ուներ, իրավապաշտպանը նշել է. «Իմ կարծիքով սա քաղաքական պատվեր է»: 

Այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրեց Արտակ Գաբրիելյանին: «Տարիներ առաջ Առաջին ատյանի դատարանի վճռից հետո ես դիմել էի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններ, որոնք անփոփոխ էին թողել սկզբնական վճիռը, ինչից հետո որոշեցի դիմել Եվրոպական դատարան»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց նա՝ հավելելով, որ գործը քննելուց հետո` 8 տարի անց Եվրադատարանը վճռել էր, որ Հայաստանի դատական ատյանները չեն իրականացրել հավասար քննություն, ինչպես նաեւ օբյեկտիվ դատավարություն տեղի չի ունեցել: Դրանից հետո Գաբրիելյանը կրկին դիմել էր առաջին ատյանի դատարան՝ իրեն արդարացնելու պահանջով: Հիշեցնենք, որ 2004 թվականին Արտակ Գաբրիելյանը ձերբակալվել էր հանրահավաքի թռուցիկներ բաժանելու ժամանակ եւ դատապարտվել 1 տարի ազատազրկման, որից հետո պայմանականորեն ազատ էր արձակվել: 

Իսկ Շիրակի մարզի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ հուլսիսի 22-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին դատապարտեց 17 տարվա ազատազրկման։ 

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Շիրակի մարզ: Վաղօրոք հայտարարված էր, որ վարչապետն այցելելու է Գյումրու Մուշ 2/2 թաղամաս՝ այնտեղ, որտեղ Ս. Սարգսյանի նախընտրական խոստումների համաձայն,  2013 թ-ի աշնանը պետք է բնակարանամուտ տոնեին  գյումրեցի անօթևան 420 ընտանիք, սակայն բնակարանաշինությունն առ այսօր չի մեկնարկել: Հ. Աբրահամյանին Մուշ թաղամասում դիմավորել են բողոքի բացականչություններով

ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորական խումը այսօր հայտարարություն են տարածել Լեւոն Հայրապետյանի ձերբակալության կապակցությամբ՝  կատարվածը ընդունելով որպես ցավալի թյուրիմացություն: 

ԼՂՀ վարչապետի համոզմամբ` Լևոն Հայրապետյանը ոչ միայն մեծ բարերար է Արցախի և Հայաստանի համար, այլև նրա շնորհիվ բազմաթիվ մեր հայրենակիցներ դարձել են բարերարներ մեր հայրենիքում: 

Հայտնի ամերիկահայ ռոք երաժիշտ, System of a Down-ի վոկալիստ Սերժ Թանկյանը դատապարտում է Իսրայելի գործողությունները Գազայում, ինչի հետեւանքով հարյուրավոր անմեղ մարդիկ են զոհվել: Այս մասին նա գրել է իր Ֆեյսբուքյան էջում: «Ժամանակն է վերջ դնելու այս դժբախտությանը, որը հայտնի է որպես Գազայի և Արևմտյան ափի օկուպացիա Իսրայելի կողմից: Իմ Հարակիրի սոլոր ձայնագրության «Occupied Tears (Օկուպացված արցունքներ)» երգը հենց այդ մասին է եւ այն կեղծավոր մարդկանց, ովքեր անցելով սարսափելի դաժանությունների միջով՝ այժմ իրենք են հանդիսանում օկուպանտներ»,- գրում է Թանկյանը:

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

 

Նախորդ հոդվածը‘«Նոր ալիքին» հրավիրում են տեղափոխվել Սոչի’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դատապարտում է iLur.am-ի եւ «Հրապարակի» աղբյուրը բացահայտելու վերաբերյալ`դատարանի որոշումը’