‘
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին Հայաստանը զարթնեց՝ ԵՄ-ի կողմից գիշերը հրապարակված հայտարարության ֆոնին, որտեղ նշվում էր, որ իրենք ի գիտություն են ընդունում Մաքսային միություն մտնելու «Հայաստանի ցանկությունը», սպասում են Հայաստանի հետ կոնսուլտացիաների ավարտին, որպեսզի ավելի լավ հասկանան, թե որն է Հայաստանի մտադրությունը: Նաեւ նշել են, որ Ասոցացման համաձայնագիրը/ԽՀԱԱՊ-ը հիմք է հանդիսանում բոլորին ձեռնտու բարեփոխումների համար, եւ ոչ թե զրոյական խաղադրույքով խաղ է, եւ կարող է համատեղվել ԱՊՀ անդամ երկրների տնտեսական համագործակցության հետ:
Հայտնի դարձավ նաեւ, որ գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող շինարարությունը եւս լրահոսի կարեւոր հորիզոնականներում էր: Հայտնի դարձավ, որ չնայած չինովնիկները՝ թաղապետից սկսած՝ մինչև փոխքաղաքապետ, հերթով պնդում էին, որ ամեն ինչ օրինական է, սակայն, Կոմիտաս 5-ում չկար բարձրահարկ շենք կառուցելու թույլտվություն, այլ կար միայն զրո հարկի թույլտվություն: Մինչ բնակիչներն ու ակտիվիստները շարունակում են պայքարել շինարարության դեմ, պարզվեց, որ շինարարությունը շարունակվում է:
Կառավարության շենքի մոտ՝ նիստից առաջ ուշագրավ միջադեպ գրանցվեց, երբ ժամանեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը: Նա շենքի մոտ հավաքված ցուցարարների աղաղակներին, որոնք հիմնականում` խաղաղ պայմաններում բանակում զոհված զինվորների մայրերն էին, ի պատասխան, շպրտեց. «Ի՞նչ ես գոռում, ա’յ ոչխար»:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո, արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե ինքը տեսակետ էր հայտնել, որ Մաքսային միություն մտնելով՝ Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, ասել է. «Ես այդպիսի բան չեմ ասել»: Հրաժարվեց խոսքերից, փաստորեն:
Տավուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի ուղղությամբ երեկ կրկին կրակոցներ են հնչել: Հակառակորդի կողմից արձակված գնդակից տուժել է գյուղի դպրոցը: Բարեբախտաբար, տուժածներ չկան:
Իսկ արդեն երեկոյան հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում է, որտեղ կհանդիպի Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Երեկոն խաղաղ չէր ՀՀԿ-ականների համար, ովքեր հույս ունեին «հանգիստ» պայմաններում անցկացնել ԳՄ հերթական նիստը՝ Սերժ Սարգսյանի հետ: Ակտիվիստները արդեն մեկ ժամ առաջ հավաքվել էին ՀՀԿ ԳՄ շենքի մոտ, եւ որպեսզի նրանք չխանգարեն ՀՀԿ-ականներին, ոստիկանները «մաքրել էին» հարակից փողոցը՝ ակտիվիստներին Մելիք-Ադամյան փողոցից հասցնելով դեպի Տիգրան Մեծ փողոց:
Հայտարարությամբ հանդես եկավ Հայ ազգային Կոնգրեսը, որը արտաքին քաղաքական վերջին զարգացումները գնահատեց՝ նշելով. « Կատարվածի մեջ բացարձակապես չպետք է մեղադրել ոչ Եվրոպական Միությանը, ոչ էլ Ռուսաստանին: Եթե պետք է մեղավոր փնտրել, ապա դա ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը և նրա ավազակապետական ռեժիմը, որն այդպես էլ չհասկացավ քաղաքականության և կազինոյի տարբերությունը»:
Իսկ աշխարհում սովորական եռուզեռ էր: Գերտերությունների ղեկավարները հավաքվել են Սանկտ Պետերբուրգում՝ G20-ի գագաթնաժողովին:
Հռոմի Պապ Ֆրանցիսկն էլ այդ կապակցությամբ նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին՝ Սիրիայի մասին:
‘