‘Օրվա հացի ՀՀԿ-ականները, կամ` ստամոքս, ստամոքս, ես Շարմազանովն եմ ‘

1068

Երիտհանրապետական Էդուարդ Շարմազանովը, ինչպես եւ կուսակցական իր ավագ ընկերները, բավականին ուշագրավ պատկերացումներ ունեն քաղաքականության մասին:

Արդեն որեորդ անգամ հանրապետականներն ապացուցում են, որ քաղաքական իրեն գաղափարախոսությունն ու պատկերացումները ստամոքսային համակարգից եւ գաստրոնոմիայից անդին չեն գնում: Դա լավագույնս ապացուցեց Շարմազանովի` «Ազատություն» ռ/կ-ին տված այսօրվա մեկնաբանությունը, որտեղ վերջինս անդրադարձել է Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցազրույցին: Հիշեցնենք, որ անդրադառնալով Սերժ Սարգսյանի քաղաքական նպատակներին` Զուրաբյանն ասել էր. «Իր պատկերացրած, այսպես ասած քաղաքականության շրջանակներում, նա ամեն ինչ անում է ոչ միայն, որ վերարտադրվի 2013 թվականին, այլ նաեւ դրանից հետո իր նախագահական պաշտոնավարման ժամկետը օգտագործի այն նպատակով, որ ամայացնի քաղաքական միջավայրը Հայաստանում: Իսկ դա իր համար առաջին հերթին նշանակում է հեռացնել քաղաքական դաշտից այն գործոնները, որոնք նաեւ ունեն խոշոր տնտեսական, ֆինանսական հնարավորություններ: Այսինքն` Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին եւ նրա «Բարգավաճ Հայաստան»-ը»: Տրամաբանություն ունեցող կամ հայերենին քիչ թե շատ նորմալ տիրապետող ցանկացած մարդ կարդալուց հասկանում է, որ Լեւոն Զուրաբյանը խոսում է Սարգսյանի ցանկություններից ու նպատակներից, եւ ընդամենը որոշ փաստեր է արձանագրում: Բայց իշխանական քարոզչամեքենան, ի հեճուկս տրամաբանության եւ հայոց լեզվի` բոլոր վերլուծաբան-քաղաքական գործիքներին հրահանգեց այս հայտարարությունը ներկայացնել այնպես, թե իբր Լեւոն Զուրաբյանը «խոստովանում է», թե ԲՀԿ-ի, ինչպես նաեւ` Կոնգրեսի եւ ԲՀԿ-ի միջեւ ցանկացած քայլի հետեւում Քոչարյանն է կանգնած: Տրամաբանության դեմ այս հիշարժան ճակատամարտում առավել աչքի ընկավ հենց Էդուարդ Շարմազանովը:

«Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը կամ Գագիկ Ծառուկյանը Լեւոն Զուրաբյան փաստաբանի կամ ՀԱԿ փաստաբանական ծառայությունների կարիքը ունի: ՀԱԿ համակարգողը իր հարցազրույցում բացահայտում է ՀԱԿ-ի իրական դեմքը. դա այն է, որ ՀԱԿ-ի հացը կամ Զուրաբյանի հացը այս կամ քաղաքական ուժերի միջեւ թվացյալ կամ իրական հակասությունների մեջտեղում հաց վաստակելն է»:

Մենք, իհարկե, չենք վիճարկում այն հանգամանքը, որ քյաբաբների պաշտամունքի կուսակցության ցանկացած ներկայացուցչի համար հացը ամենաառաջնահերթ քաղաքական կատեգորիան է: Մենք չենք վիճարկում նաեւ այն հանգամանքը, որ իշխանության մեջ գտնվող ցանկացած չինովնիկ ու պաշտոնյա իր քաղաքական գաղափարախոսությունն ու կողմնորոշումը որոշում է ըստ օրվա հացի, ըստ իրեն փայ հասած քյաբաբների տեսակարար կշռի ու խաշի տարեկան ծավալների, սակայն, ՀՀԿ-ականները տրամաբանության դեմ կռիվ տալուց առաջ լավ կանեին` մեկ-մեկ քաղաքագիտություն ուսումնասիրեին, կամ գոնե` տարրական տրամաբանություն: Հասկանում ենք, որ ՀՀԿ-ականների շարքերում գիրք կարդալը հարգի չէ, հասկանում ենք, որ ՀՀԿ-ականների վերջին կարդացածը «Փարվանայի» մենյուն է, հասկանում ենք, որ իրենք համարում են, որ բոլոր քաղաքական գործիչները շարժվում են նույն գաղափարախոսությամբ, որով որ իրենք, հասկանում ենք, որ եթե իրենց համար պետություն, պետականություն, քաղաքականություն հասկացություններ գոյություն չունեն, իրենք պիտի համարեն, որ մյուս ուժերը եւս նույն մոտիվացիայով պետք է առաջնորդվեն:

Հասկանում ենք, որ ՀՀԿ-ականները, ինչպես որ Սահմանադրությունն ու օրենքներն են յուրովի մեկնաբանում, այնպես էլ` Հայոց Լեզուն: Մենք, իհարկե, հասկանում ենք այդ ամենը: ՀՀԿ-ականների պարագայում ավելին սպասելն ուղղակի ժամանակի անիմաստ կորուստ կլինի եւ մանկամտություն: Հասկանում եւ այդ պատճառով էլ հումորով ենք վերաբերում ՀՀԿ-ականների հայտարարություններին: ՀՀԿ-ականների հայտարարություններով չէ, որ ժողովուրդը պետք է կարծիք կազմի քաղաքական ուժերի, եւ քաղաքական գործիչների հայտարարությունների մասին: Ցավալին այն է միայն, որ ՀՀԿ-ականները երկիրը թալանելուց, ժողովրդին հարստահարելուց, ընտրություններ կեղծելուց անդին արդեն անցել են բացահայտ գրոհի` տրամաբանության եւ Հայոց լեզվի դեմ:

Արսեն Ամիրաղյան

  

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» խաղացողը կասկածվում է գողության մեջ’
Հաջորդ հոդվածը‘Աջափնյակցիները որոշել են ինքնուրույն կասեցնել շինարարությունը (Տեսանյութ)’