‘Օրվա հումորը. Քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր է իրականացվելու’

1539

Շատ շուտով ՀՀ արդարադատության նախարարությունը հուշագիր կստորագրի Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հետ՝ քրեակատարողական հիմնարկներում էներգախնայողության ծրագիր իրականացնելու նպատակով: Արդյունքում, բացի բազմանիշ դրամական խնայողությունից, տարեկան կխնայվի մոտ 7 Մվտժ էներգիա, և արտանետումները կնվազեն մեկ տոննայից ավելի: Այս մասին Ֆեյսբուքում գրել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանը, փաստորեն, որոշել է «բազմանիշ դրամական խնայողություններ անել», ինչը ինքնին զարմանալի չէ: Զարմանալի է, որ խնայողությունների ծրագիրը սկսվում է էներգիայից: էներգիա խնայելուց առաջ կարելի էր խնայել, օրինակ, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները: Օրինակ, բոլոր կալանավորներին օրենքով օրական հասնում է պանիր, միրգ, հյութ: Բայց ոչ մի կալանավոր այդ ամենի երեսը չի տեսնում, մինչդեռ այդ սննդամթերքը գնվում է: Կարելի է ենթադրել՝ ուր է կորչում այդ սննդամթերքը՝ եթե գնվում է, բայց կալանավորներին չի հասնում: Ավելի լավ կլիներ, որ պետական բյուջեից «բազմանիշ դրամական խնայողություններ» արվեին, և այդ սննդամթերքը չգնվեր. մեկ է՝ այն կալանավորներին չի հասնում և «ուտվում» է ճանապարհին:

Կամ վերցնենք սննդամթերքի գնման գինը, որը շատ հաճախ զգալիորեն գերազանցում է շուկայականը: Ի՞նչ վատ «բազմանիշ դրամական խնայողություններ» անելու տեղ է: Մի խոսքով, արդարադատության նախարարությունում խնայելու շատ տեղեր կան, և էներգախնայողության ծրագիրը պետք է լինի ամենավերջինը: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Փիլիսոփաներիս» տեսեք…’
Հաջորդ հոդվածը‘Եթե ճանաչենք ԼՂՀ անկախությունը, զինադադարի պայմանագիրը ի՞նչ է լինելու. Գ. Ջհանգիրյան ‘