‘Օրվա հումոր. Ալիևին հանձնվել է «Մամուլի բարեկամ» մրցանակը’

801

Հարցման ենթարկված ադրբեջանական ԶԼՄ-ների 89 տոկոսը Իլհամ Ալիևին իրենց բարեկամն են համարում: Այդպիսին են Ադրբեջանի լրագրողների իրավունքների պաշտպանության, այսպես կոչված, «անկախ» կոմիտեի անցկացրած հարցման արդյունքները:

Ինչպես հաղորդում է ԱՀ նախագահի կայքը, այդ առնչությամբ «անկախ» կոմիտեն նոյեմբերի 24-ին Ալիևին հանձնել է «Մամուլի բարեկամ» մրցանակը: ԶԼՄ-ներն Ալիևին իրենց բարեկամն են համարել` «հաշվի առնելով նրա հոգատարությունը, որն արտահայտվում է լրագրողներին նյութա-ֆինանսական աջակցությամբ»: Նշվում է, որ նրա կառավարման օրոք ստեղծվել է ԶԼՄ-ներին պետական աջակցության հիմնադրամ, լրագրողների համար կառուցվել է բազմաբնակարան շենք:

Մինչդեռ ադրբեջանցի լրագրողների ասելով, որոնց հետ առիթ է եղել շփվելու ԱրմԻնֆոյի լրագրողներին, «ԶԼՄ բարեկամի» կառավարման տարիները նշանավորվել են լրագրողների նկատմամբ բազմաթիվ սպանություններով, ֆիզիկական և հոգեբանական հաշվեհարդարներով: Ալիևը լիովին վերացրել է մամուլի ազատությունը, համատարած վերահսկողության տակ է առել հեռուստատեսությունը: Տվյալ պահի դրությամբ բանտերում պատիժ են կրում մի քանի տասնյակ լրագրողներ և բլոգերներ, ստույգ տվյալներ հայտնի չեն, իսկ իշխանությանը ոչ լոյալ ԶԼՄ-ները ենթարկվում են դատական հետապնդման: Լրագրողները բանտերում են հայտնվում այն բանից հետո, երբ նրանց բնակարաններում, խմբագրություններում ոստիկանությունը «Մոլոտովի կոկտեյլ», սառը զենք, թմրանյութ է հայտնաբերում: Հայտնի է դեպք, երբ լրագրողներից մեկի բնակարանում ականանետ են հայտնաբերել …

Միջազգային հանրության` իրավիճակը շտկելու բազմաթիվ կոչերին Ալիևի պատասխանը եղավ «ԱՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին» օրենքը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «ինտերնետում տարածված զրպարտության և վիրավորանքի համար»: Այդ առնչությամբ «մամուլի բարեկամը» բազմիցս արժանացել է «մամուլի գիշատիչ» կոչման:

Նշենք նաև, որ Հայաստանից Ադրբեջանի նախագահի կայքի մուտքն արգելափակված է:

Նախորդ հոդվածը‘Կարլ Բիլդտ. Մոլդովան կարող է հետեւել Հայաստանի եւ Ուկրաինայի օրինակին’
Հաջորդ հոդվածը‘Բակո Սահակյանը շնորհավորել է ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ’