‘Օրվա ցիտատը Facebook-ից. Կարեն Թովմասյան. Վերջնականապես ակնհայտ դարձավ իշխանական մոնոլիտի փլուզումը ‘

1144

Քաղաքացի Կարեն Թովմասյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Ես խասյաթ ունեմ առաջինը խոսել իմ սխալների մասին՝ չսպասելով ուրիշների ակնարկներին: Այո, ուրախությամբ արձանագրում եմ, որ իմ մտավախությունը առ այն, որ Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն ստանձնելու են ընդդիմադիր ձայները շեղելու և այդպիսով Սերժիկ Սարգսյանի վերարտադրմանը նպաստելու ֆունկցիան, չիրականացան: Ուրախությամբ արձանագրում եմ, որ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ն ընդունեց արժանապատիվ ու բարոյական որոշում՝  որոշելով չառաջադրվել ու չսատարել հանցավոր վարչախմբի պարագլուխ Սերժիկ Սարգսյանին: Գագիկ Ծառուկյանի որոշումը իմ աչքում բարձրացրեց նրան ու նրա ղեկավարած կուսակցությանը, ինչը ընդունում եմ անձամբ ես, ունենալով նախապաշարումներ 5 տարի շարունակ հանցավոր կոալիցիայի մաս կազմող կուսակցության մասին:
Արձանագրենք, որ դեռ մեկ տարի առաջ նախագահ Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը այժմ միս ու արյուն է ստանում, մեր ճանապարհին կանգնած բոլոր հնարավոր խոչնդոտներից հետո այժմ մենք պետք է առավելագույն տեմպ հավաքենք ու նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ լիակատար կոնսոլիդացիա ապահովենք՝ Սերժիկ Սարգսյանի հանցավոր վարչախմբի դեմ մեր պայքարը լիակատար հաջողությամբ պսակելու համար:
Այսօր քաղաքական դաշտում բեկում արձանագրվեց, դաշտը պարզվեց, ու կոնկրետացավ: 
Վերջնականապես ակնհայտ դարձավ իշխանական մոնոլիտի փլուզումը: Բարգավաճ Հայաստանը, որը քաղաքական դաշտի գլխավոր խաղացողներից մեկն է՝ հենվելով իր հսկայական էլեկտորատի վրա, և, ինչու չէ, մի քանի նախարարական, ներառյալ վարչապետի կամ փոխվարչապետի պորտֆելների խոստման դիմաց՝ առաջադրելով սեփական թեկնածուին, կարող էր տրոհել ընդդիմադիր դաշտը և նպաստել Սերժ Սարգսյանի վարչախմբի վերարտադրմանը, փոխարենը ԲՀԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ հայտարարելով իր չեզոքության մասին՝ որոշեց չնպաստել Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրությանը:
Հանրապետական կուսակցությունում հավանաբար այս պահին խրախճանք է, հորթի հրճվանքով շամպայների բաժակներ են զրնգացնում Ծառուկյանի նկատմամբ Սերժի իբր արձանագրած «Պյուռոսյան հաղթանակի» կապակցությամբ, այնինչ՝ Ծառուկյանը չառաջադրվելով՝ ոչ թե աջակցեց, այլ թուլացրեց Սերժ Սարգսյանին, որովհետև Ծառուկյանի առաջադրումը կարող էր մեղմել Սերժի նկատմամբ ատելությամբ համակված էլեկտորատի տրամադրությունները: Չառաջադրվելով՝ կամա թե ակամա, Ծառուկյանը Սերժին ու իրա թայֆին մեն-մենակ թողեց Սերժին ատող ժողովրդի դեմ: Չեզոքություն էլ կա, չեզոքություն՝ էլ. այս դեպքում այդ չեզոքությունը մի կողմից նպաստելու է ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանի ու իր շրջապատի լիակատար մեկուսացմանը: Այժմ դաշտը զուլալվել է.  կա սպիտակ և կա սև, կա Լևոն, և՝ Սերժ, կամ կողմ ես Սերժին, կամ՝ դեմ ես նրան: 

Ի դեպ, շատերը հրճվում են, թե իբր Ծառուկյանը այս քայլով վնասեց ԲՀԿ-ի և իր անձնական հեղինակությանը և վարկանիշին, այնինչ, այդ հրճվանքը տեղին չէ և անիմաստ է, քանի որ այս որոշումը երկարաժամկետ հեռանկարում ավելի ամրացնելու և ուժեղացնելու է ԲՀԿ-ն որպես քաղաքական դաշտի կարևորագույն գործոններից մեկի: Իսկ ինչ վերաբերվում է չեզոքությանը, սիրտս վկայում է, որ երբ Երևանի փողոցները 2008-ի նման լցվեն հակասերժական կոալիցիայի հարյուր հազարավոր անդամների երթերով ու հանրահավաքներով, ինչ-որ մի պահից այդ չեզոքությունը կարող է վերածվել ակտիվ միջամտության, որից հետո Սերժ Սարգսյանին ու իր կողմնակիցներին ուղղակի այլ բան չի մնա, քան գլխապատառ առաջին իսկ հանդիպած տրանսպորտային միջոցով փախուստի փորձ կատարել Հայաստանից: Այ այդ ժամանակ ականատեսը կդառնանք իսկական առնետավազքի, ոչ թե կուսակցությունից կուսակցություն, այլ երկրից: Երբեք չէի մտածի, որ նման ստատուս կգրեի, բայց ուրախ եմ, որ սխալվել եմ, ու որ Հայաստանի քաղաքական դաշտի մեջ արձանագրվեց երկար սպասված բեկումը և հստակեցումը: Ուստի՝  Պայքար, Պայքար, Մինչև Վերջ, Լևոն Նա-խա-գահ»: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Գաբալայի ՌՏԿ-ը շահագործելու վերաբերյալ բանակցություններ չի վարում ‘
Հաջորդ հոդվածը‘Բոսնիացի սերբ գեներալը դատապարտվել է ցեղասպանության համար ‘