‘Օրվա ցիտատ. Մանվել Բադեյան. Սգո օր են հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն’

6192

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը փորձել է պարզաբանել, թե ինչու Գյումրու ողբերգության հետ կապված՝ Հայաստանում սգո օր չի հայտարարվել.

«Չեմ համարում դա արդարացված պահանջ. դա մի քանի մարդկանց պահանջ է: Այն դեպքում են սգո օր հայտարարում, երբ երևույթն ունենում է քաղաքական նշանակություն: Այդ մարդիկ ոչ այնքան սգում են, որքան ձգտում են հայ ժողովրդի մեջ բացասական վերաբերմունք ձևավորել ռուսների նկատմամբ: Կարծում եմ, արդարացված է «Հանրապետականների» այդ պահվածքը… Ընդունենք՝ սգո օր է. Ավետիսյաններին, նրա հիշատակին ի՞նչ է տալիս այդ օրը: Դա ընդամենը փորձ է՝ քաղաքական դիվիդենտներ շահելու, կտրուկ հարցը քաղաքականացնելու, հայ-ռուս ժողովուրդների հարաբերությունները փչացնելու, ընդգծված ձևով բացասական վերաբերմունք ձևավորելու»,- analitik.am-ի հետ զրույցում հայտարարել է Բադեյանը:

iLur.am-ի կողմից.

Հավանաբար՝ Բադեյանը առաջիկայում կպարզաբանի, թե ինչ քաղաքական նշանակություն են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահը, Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետը, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահը, Երեւան-Թեհրան չվերթի վթարը: Նշենք, որ բոլոր վերոնշյալ դեպքերում Հայաստանում պաշտոնապես սուգ է հայտարարվել:

Բադեյանի տրամաբանությամբ՝ սուգ պետք է հայտարարվեր 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարձություններից հետո, սակայն 2008 թվականի մարտի 26-ին իր բլոգում արված գրառման մեջ՝ խաղաղ ցուցարարներին գնդակահարելու գնով իշխանության եկած Սերժ Սարգսյանը այսպես էր բացատրել մարտի 1-ից հետո սուգ չհայտարարելը.

«Ինչ վերաբերում է սուգ հայտարարելուն, սովորաբար սուգ հայտարարում են այն դեպքերում, երբ հասարակությունը միանշանակ գնահատական է տալիս տեղի ունեցածին, երբ տեղի ունեցածը որևէ շահարկման հնարավորություն չի թողնում: Այս դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հասարակության մի մասը չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, մենք դեռ փորձում ենք պարզել իրականությունը, ընթանում է քննություն: Սա, իհարկե, չի նվազեցնում ողբերգության չափը, որի համար անկեղծորեն ցավում ենք»:

Նախորդ հոդվածը‘Հայկական կողմը Պերմյակովին մեղադրանք է առաջադրել’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Ծաղկեպսակներով և ցավակցություններով չենք կարող կանխել վաղվա դիվերսիաները’