‘Օֆշորի գործով Տիգրան Սարգսյանի «զինակիցը» արտահանձնվել է և կալանավորվել’

827

Երեկ՝ հունիսի 19-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դռնփակ դատական նիստում կալանավորվել և Երևանի «Կենտրոն» ՔԿՀ է տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր գույքային վնաս պատճառելը) և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 3-ին նրան Վրաստանից Հայաստան արտահանձնումը թույլատրել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:

Ներկայացնենք նաև ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը.

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Միայն երկար քաշքշուկից հետո է դատապարտյալի նկատմամբ կիրառվել համաներումը. ՄԻՊ’