‘
Արդեն քանի օր է` Բաղրամյան 26-ին մոտ կանգնած անձինք լուրեր են տարածում այն մասին, որ վարչապետ-Սուքիասյան-Կճոյան օֆշորային սկանդալի հետքերով Կիպրոս մեկնած քննչական, իսկ իրականում` նախագահական հետաքննության խումբն իր գործուղումից վերադարձել է բավականին տպավորիչ բացահայտումներով:
Ըստ այդ լուրերի` Կիպրոսում ձեռք բերված փաստաթղթերը ոչ միայն ապացուցում են այս երեքի` գործով իրապես անցնելու հանգամանքը, այլեւ նոր մասնակիցներ են ի հայտ բերում, որոնցից մեկն էլ հայտնի գործարար Ֆլեշի Բարսեղն է:
Թե ինչու են այս մարդիկ շահագրգիռ, որպեսզի առայժմ մամուլում չքննարկվող տեղեկատվությունը հասնի հասարակությանը, խոսակցության այլ թեմա է: Չնայած, քանի որ Ֆլեշի Բարսեղի թիմն ակնհայտորեն ջղաձգումների մեջ է հատնվել` «խորտակվող Եվրոպայի» հետ կապված, կարելի է նաեւ որոշակի եզրահանգումներ անել տեղեկատվական հոսքերի հեղինակի ու նրա նպատակների առնչությամբ:
Հետաքրքիր է, որ այդ եզրահանգումներն անելուն հենց իրենք` ֆլեշականներն են նպաստում, եւ դեռ պարզ չէ` պատրոնի իմացությամբ, թե առանց նրա կամքը հարցնելու են «դեմոնացնում» ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, ով, իբր, այս բացահայտման կնքահայրն է:
Նույն մերձիշխանական քննարկումների համաձայն` Սերժ Սարգսյանը բավական տհաճ իրավիճակում է հայտնվել: Ստացվում է, որ ճշմարտության բացահայտման պարագայում նա ոչ միայն վտանգում է Հայ առաքելական եկեղեցու հեղինակությունն ու իր վարչապետին, որին մշտապես դիտարկել է փողից բացի` իշխանական այլ հավակնություններ չունեցող անձի, այլեւ բիզնեսի ու իշխանական PR-ի գծով իր գլխավոր զինակից Ֆլեշի Բարսեղին: Բացի այդ, չնայած արտաքուստ հրաշալի հարաբերություններին, շատ հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ, Արմեն Սարգսանին ապագա մրցակից է տեսնում ներքաղաքական դաշտում, եւ իրեն այսպես թուլացնելով՝ ստացվում է, որ կանաչ ճանապարհ է վառում հենց նույն Սարգսյանի համար:
Սա իսկապես դժվար քաղաքական հանելուկ կարող է դառնալ Սերժ Սարգսյանի համար: Ընդ որում՝ չի բացառվում, որ բոլոր լուծումներն էլ անձամբ նրա համար սխալ լինեն կամ վատ ավարտ ունենան: Մի կողմից՝ պետք չէ խոսել, մյուս կողմից էլ, մանավանդ գործի հանրային հնչեղության պարագայում, հարկավոր է որեւէ բացատրություն գտնել կատարվածի համար` ներկայացնելով քննչական խմբի աշխատանքի արդյունքները:
Ինքը Բեգլարյանը փորձում է մերձավոր շրջապատի ներսում նույնքան անվրդով երեւալ, որքան՝ առաջ: Ավելին` օրերս նա ակնարկել է այն մասին, թե Սերժ Սարգսյանը ոչ միայն որեւէ պատժիչ գործողություն չի ձեռնարկի իրենց խմբակի դեմ, այլեւ շատ շուտով կկատարի իրեն տրված մեկ այլ խոստում, որը վերաբերում է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գրիշա Հարությունյանի քրոջ որդուն` ներկայումս ԴԱՀԿ ղեկավար եւ Ֆլեշի սանիկ Միհրան Պողոսյանին, Գորիկ Հակոբյանի փոխարեն ԱԱԾ պետ նշանակելուն:
Թե ինչու է Ֆլեշի Բարսեղը շահագրգիռ հանրութանն ամենաշատը Հայաստանում բանան աճեցնելով ու այն արտահանելու պատմությամբ հայտնի օդիոզ այս կերպարին ԱԱԾ պետ նշանակելու հարցում, ենթադրելու կարիք էլ չկա: Այդպիսով նա ոչ միայն կավելացնի իր կշիռը քաղաքական դաշտում, այլեւ իրեն հասանելի կդարձնի այնպիսի «դոսյեներ», որոնք, հնարավոր է, շատ մոտ ապագայում կենսականորեն անհրաժեշտ դառնան:
Բայց ինպես ասում են` նրբություն այստեղ էլ կա. Միհրան Պողոսյանին ԱԱԾ պետ նշանակելու համար Սերժ Սարգսյանը պիտի խախտի «ԱԱԾ մասին» օրենքը, համաձայն որի` ԱԱԾ տնօրեն կարող է դառնալ այն մարդը, ով առնվազն 10 տարի աշխատում է համակարգում: Պողոսյանը, սակայն, ԱԱԾ-ում աշխատել է 2000-2007թթ.: Հետեւաբար, շատ հնարավոր է, որ առաջիկայում ոչ միայն Ֆլեշի Բարսեղին ցանկալի «դոսյեները դարակին մնան», այլեւ Բաղրամյան 26-ը ստիպված լինի նույնիսկ փոքր-ինչ կրճատել նրա ազդեցության դաշտը ներքաղաքական եւ բիզնես դաշտերում:
Հովակիմ Հակոբյան
‘