‘«Օֆշորյան» պատմության մեջ հայտնված գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել’

1040

Ոստիկանությունում երեկ՝ հունիսի 17-ին, որոշում է կայացվել դեռեւս 2012թ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ ներգրավել Աշոտ Սուքիասյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Եվ քանի որ նրա գտնվելու վայրը անհայտ է, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը»,- ասաց նա:

Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելը` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելը):

Նշենք, որ hetq.am-ը գրել էր, որ  Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Այս ընկերությունն ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ:

Նախորդ հոդվածը‘Մեղավոր է ճանաչվել` համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու և վնասաբեր ծրագրեր օգտագործելու համար’
Հաջորդ հոդվածը‘Լրագրող. Երեւի տեղին կլիներ «համբալ» բառի կիրառումը’