‘
«RMC Sport Network»-ի հետ հարցազրույցում Ֆաբիո Կապելլոն իր կարծիքն է հայտնել Աշխարհի առաջնության մասին։
«Վերջապես բոլորը հասկանում են տիկի-տական և գնդակին տիրելու հնարքը։ Հիմա բոլորը լավ են փակվում, և եթե գնդակով ես, բայց չես կարողանում արագ ուղղահայաց հարձակում կազմակերպել, ապա վերջդ եկել է։ Բավական է դիտել Իսպանիայի խաղը․ գնդակին տիրում են, բայց դարպասին չեն հարվածում:
Ռուսաստանը կարող է հույսը դնել երկրպագուների ու խաղացողների աջակցության, ինչպես նաև այն փաստի վրա, որ ֆիզիկապես ամենալավ վիճակում են․ ամենաշատն իրենք են վազում։ Մարզչի տրամադրության տակ է տեխնիկապես առաջընթաց ապրած թիմ, որն ունի ամուր կիսապաշտպանություն և Ձյուբային՝ հսկա կենտրոնական հարձակվողին, որը շատ օգտակար է։ Անգլիան երիտասարդ և հետաքրքիր թիմ է։ Սաութգեյթը հասկացել է, որ չէր կարող դասական չորս ֆուտբոլիստով պաշտպանություն դաշտ դուրս բերել, որովհետև երկու կենտրոնական պաշտպանները թույլ են, այդ պատճառով էլ երեք պաշտպանով է խաղում։ Իսկ առջևում շատ բարձրակարգ խաղացողներ ունի և վտանգավոր է։
Հարցն այն է, որ հավաքականների հանդիպումների մակարդակն ավելի բարձր է, քան ակումբներինը։ Հավաքականում Մեսսին տրամադրության տակ չունի այնպիսի ֆուտբոլիստների, ինչպես ակումբում, և թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով մրցակիցները գերազանցում են։ Առանց բարձրակարգ խաղացողների նույնիսկ Մեսսիի համար է դժվար, թեև նա կարողացավ թիմին օգնել մեկ ութերորդ հասնել։ Բայց Արգենտինան թույլ է և առանց նրա անգամ այդտեղ չէր հասնի։
«Բոլոր մարզիչները պատրաստված են։ Ինձ ոգևորում է Ուրուգվայը, որովհետև Տաբարեսը ոգեշնչման մեծ աղբյուր է և պայքարի ցանկություն է ներշնչում։ Ինձ դուր է գալիս Տիտեն, Բրազիլիային կայունություն և համեստություն է բերել, նրա խաղացողները պայքարում են և վազում։ Ֆրանսիան խաղում է հակագրոհով և հարձակվողների վրա է հույս դնում, իսկ կենտրոնում Կանտեն երկու հոգու տեղ է խաղում։ Բելգիան հետաքրքիր է, շատ տաղանդներ կան, իսկ դարպասում Կուրտուան կարող է որոշիչ դեր խաղալ։ Հետո Խորվաթիային պետք է ուշադրություն դարձնել, մեծ տաղանդներ ունի, բայց կարող է ճանապարհին սայթաքել, ինչպես հաճախ անում են նախկին Հարավսլավիայի թիմերը։ Բայց, ըստ իս, վերջում Բրազիլիան կհաղթի։
Ռոնալդոն ավելի բարձրակարգ խաղացող էր, քան այսօրվա չեմպիոնները, բայց այս սերնդի ապագա լիդերները՝ նրանք, որոնք կկարողանան պայքարել «Ոսկե գնդակի» համար, կլինեն Մբապեն ու Նեյմարը՝ նոր Կրիշտիանու Ռոնալդուն և Մեսսին»։
‘