‘Ֆասիե. Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»’

928

Չկա հակամարտություն, որ լուծում չունենա, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառություն չէ: Այս մասին Ազատություն ռ/կ-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարեցին Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն: Ֆասիեն, սակայն, կարծիք հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծում չի ստանա, քանի դեռ չկա քաղաքական կամք:
«7 տարում ես 100-ից ավելի անգամներ հանդիպել եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին: Ես վստահ եմ, որ հնարավոր է խաղաղության հասնել եւ հակամարտության կարգավորման տարրերը դրված են սեղանին, բայց փաստը, որ որոշում չի կայացվում, խոսում է այն մասին, որ կողմերը չունեն բավականաչափ քաղաքական կամք», — հայտարարեց Մինսկի խմբի նախկին համանախագահը:
Եվրամիության հատուկ ներկայացուցիչը Բրյուսելում մի քանի առաջարկ արեց` ուղղված Ղարաբաղի խնդրի լուծմանը: Մասնավորապես, Լեֆորի կարծիքով, ամեն գնով պետք է խուսափել պատերազմական գործողությունների վերսկսումից, պահել նվազագույն հարաբերությունները եւ զարգացնել մարդկային, հասարակական շփումները: Պահուստային պլան չկա, ասաց նա: «Ոչ Եվրամիությունը, ոչ էլ ուրիշ մեկը չունի պահուստային լուծում: Ես չեմ տեսնում այս հակամարտության այլ ռացիոնալ լուծում», — ընդգծեց Ֆիլիպ Լեֆորը:
Բեռնար Ֆասիեն էլ հավելեց, որ հակամարտության կարգավորմանը թարմ մոտեցում է պետք` առաջին հերթին երկրներում ժողովրդավարություն տարածելու միջոցով, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակությունները դեռ պատրաստ չեն տեսնել այս հակամարտության լուծումը:
Ինչ վերաբերում է հատկապես Բրյուսելում հաճախակի շրջանառվող այն խոսակցություններին, թե մտադրություն կա Մինսկի խմբում Ֆրանսիայի ներկայացուցչին փոխարինել Եվրամիության ներկայացուցչով` ավելի օբյեկտիվ մոտեցումներ ունենալու համար, Բեռնար Ֆասիեն դրանք անհեթեթություն` «նոնսենս» որակեց:
«Ինձ համար դա անընդունելի է առաջին հերթին այն պատճառով, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքին ինչ-որ ազդեցություն վերագրելը արդար չէ: Ինչո՞ւ համանախագահող երեք երկրների հետաքրքրությունը Ադրբեջանի հանդեպ հաշվի չի առնվում, այլ հաշվի է առնվում այլ երկրներում առկա հայկական սփյուռքը», — ասաց Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահը` շարունակելով. — «Ես զարմացած եմ, որ կարելի է կարծել, թե հենց Ֆրանսիայի հայկական համայնքը կարող է խոչընդոտ լինել գործընթացին: Դա առնվազն տարօրինակ է, քանի որ այդ սփյուռքը իր մեծությամբ միայն երրորդն է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հայկական սփյուռքից հետո: Եվ որ ամենատարօրինակն է` չեն խոսում այն մասին, որ Ֆրանսիան Հայաստանում, ի տարբերություն Ռուսաստանի, ռազմաբազաներ չունի»:
Ֆասիեն կարծում է, որ Եվրամիությունը պետք է իր ներգրավվածությունը մեծացնի խաղաղությանն ուղղված ծրագրերի ավելացմամբ: Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական ծախսերը կարող էին ուղղվել շատ ավելի կարեւոր եւ կարիքավոր ոլորտներ` հավելեց ֆրանսիացի դիվանագետը:
«Օրինակ, ես կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է պահանջի կողմերից դադարեցնել ռազմատենչ քարոզչությունը եւ խաղաղությանն ուղղված հայտարարություններ անել», — ասաց Բեռնար Ֆասիեն:
«Խաղաղությունը հնարավոր է: Այս հակամարտությունը ելք ունի», — իր հերթին, հայտարարեց Ֆիլիպ Լեֆորը:

 

Նախորդ հոդվածը‘Գ. Ջհանգիրյանն առաջարկում է հստակեցնել երկրապահներին կարգավիճակ տրամադրելու ժամկետները ‘
Հաջորդ հոդվածը‘Լիտվայի նախագահի հայրը եղել է ՆԳԺԿ աշխատակից’