‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը վստահ է, որ Ռայան Գիգզը կարող է ինքնուրույն մարզչական կարիերա սկսել։ Հիշեցնենք, որ Գիգզն անգլիական ակումբից հեռանալու որոշում է կայացրել։
-Կարծում եմ՝ նա կարող է թիմ գլխավորել, լինել գլխավոր մարզիչ։ Գիգզն ունի բոլոր որակները մարզչական կարիերայում հաջողությունների հասնելու համար,-ասել է Ֆերգյուսոնը «BBC Sport»-ին տված հարցազրույցում։
Ֆերգյուսոնը նաև անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի՝ իր օգնականի պաշտոնում ոչ թե Գիգզին, այլ Ռուի Ֆարիային նշանակելու որոշումը։
-Մարզչի օգնականը պետք է այնպիսի մարդ լինի, ում նա լիովին վստահում է, դրա համար էլ Մոուրինյուն ընտրել է Ռուիին։ Երբ ես նոր էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», ինձ Արչի Նոկսն էր օգնում։ Նա ինձ համար անփոխարինելի օգնական էր։ Եթե Ռուին նախկինում Մոուրինյուի հետ աշխատելու փորձ չունենար, Ժոզեն կընտրեր Գիգզին,-ասել է Ֆերգյուսոնը։
‘