‘
Ամերիկյան Միսսուրի նահանգի իշխանությունները որոշում են կայացրել Ֆերգյուսոն քաղաք ուղարկել լրացուցիչ ուժեր՝ կարգուկանոն հաստատելու և ցուցարարներին հանդարտեցնելու համար:
Նահանգապետ Ջեյ Նիքսոնի խոսքով՝ այսուհետև տարածաշրջանում կարգուկանոնը կպահպանեն ԱՄՆ Ազգային գվարդիայի 2 200 զինծառայողներ:
Բողոքի ալիքը բարձրացել է այն բանից հետո, երբ երդվյալ ատենակալների դատարանն արդարացրել է այս տարվա օգոստոսին 18-ամյա սևամորթ Մայքլ Բրաունին կրակոցով սպանած ոստիկանին:
Նախօրեին Ֆերգյուսոնում հրկիզվել են տասնյակ տներ, 29 մարդ ձերբակալվել է, մի ոստիկան հրազենային վնասվածք է ստացել:
Երեքշաբթի օրվանից բողոքի ակցիաները, հիմնականում՝ խաղաղ, շարունակվել են Նյու Յորքում, Վաշինգտոնում և ԱՄՆ մի շարք այլ քաղաքներում: Սևամորթ բնակչության իրավունքների պաշտպանության շարժման ակտիվիստ Էլ Շարփթոնը հայտարարել է. «Սա միայն Ֆերգյուսոնի խնդիրը չէ, սա ողջ երկրի խնդիրն է»: Փոխանցում է BBC-ն:
‘