‘Ֆերնանդու Սանտուշ. «Այս հավաքականը ցույց է տվել, որ մեծ հնարավորություններ և ցանկություն ունի հաղթանակների հասնելու համար»’

1163

Հայաստանի ազգային հավաքականի հետ խաղից առաջ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը մամուլիս ասուլիս է տվել՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Պորտուգալացի մասնագետը խոսել է դժվարությունների մասին, որոնց կարող են հանդիպել իր սաները Հայաստանի հավաքականի դեմ խաղում.

«Ես զգուշացրել եմ իմ տղաներին, թե ինչ խնդիրների նրանք կարող են հանդիպել վաղվա հանդիպման ժամանակ, բայց այնպես չէ, որ անհատապես որևէ մեկին հսկելու ենք: Այնպես չէ, որ խաղալու ենք Գերմանիայի դեմ, որի կազմում Մյուլերի նման ֆուտբոլիստ կա: Միևնույն ժամանակ մենք հարգում ենք Հայաստանի հավաքականի բոլոր խաղացողներին, բայց, կրկնում եմ, հատուկ որևէ մեկին չենք առնելու հսկողության տակ: Ես երբեք նման քայլի չեմ գնացել, առավել ևս հիմա չեմ գնա այդ քայլին:

Ինչ վերաբերում է հիմնական կազմին, ապա կարծում եմ՝ ով էլ վաղը դուրս գա խաղադաշտ, նվիրվելու է մինչև վերջ: Այս հավաքականը ցույց է տվել, որ մեծ հնարավորություններ և ցանկություն ունի հաղթանակների հասնելու համար:

Իմ ֆուտբոլիստները քաջ գիտակցում են, որ այս խաղը մեծ նշանակություն ունի մեզ համար: Հայաստանի հավաքականը շատ մոտ էր սերբերի դեմ խաղում հաղթանակ տանելուն, իսկ խաղավերջում նրանք չկարողացան իրացնել 11 մետրանոցը: Մենք պետք է շատ աշխատենք խաղադաշտում: Եթե կարողանանք բալանսավորել մեր խաղը բոլոր խաղային օղակներում, ապա արդյունքն իրեն սպասեցնել չի տա:

Մեր մրցակիցը խաղում է հինգ պաշտպանով և սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, նրանք փորձելու են գնդակ պահել և դիմել հակագրոհների: Այստեղ շատ կարևոր է, որ արդեն խաղադաշտում տեսնենք, թե ինչպես է փորձելու խաղալ մեր մրցակիցը:

Միևնույն ժամանակ հասկանում ենք, որ նման ֆուտբոլ դավանող թիմերի հետ խաղերում սխալ է գլուխը կորցրած վազել գոլ խփելու: Եթե այդպես գործենք, ապա կպատժվենք: Շատ կարևոր է, որ մեր ֆուտբոլը խաղանք, լինենք համբերատար, հակառակ դեպքում խնդիրը կրկնակի կբարդանա»,- ասել է Սանտուշը:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘Դևիդ Քեմերոնը Ռուսաստանին նոր պատժամիջոցներով է սպառնում’