‘
Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որով պահանջում են քրեական գործ հարուցել Medialab.am կայքի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու կապակցությամբ:
«Medialab.am» կայքի խմբագրությունը օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատիրոջից լուրջ սպառնալիք է ստացել։ Դրա առիթը լրատվամիջոցում օրեր առաջ հրապարակած ծաղրանկարն է՝ Պաշտպանության նախարարության կողմից 2017թ. դեկտեմբերին 7 միլիոն դրամի ծաղիկ գնելու ու բանակում կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ։ Ընդ որում՝ սպառնացողն ակնարկել է, որ «Medialab.am»-ը կարող է արժանանալ 2015 թվականի հունվարին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականի ճակատագրին։
Կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի տեղեկացմամբ՝ լրատվամիջոցը ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ է ստանում, սակայն այս մեկն առավել արտառոց է։ Հիշեցնենք, որ 2016 թվականի օգոստոսին անհայտ անձինք կոտրել էին «Medialab.am»-ի խմբագրի մեքենայի ապակիները և գողացել էին երկրի ղեկավարներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկերող 107 ծաղրանկարներ: Սակայն այս միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվեց՝ մեղադրյալի հայտնի չլինելու պատճառով։
Այս դեպքում ֆեյսբուքյան օգտատիրոջ անունը հայտնի է, և նույնիսկ եթե այն կեղծ լինի, իրավապահ մարմինները բոլոր հնարավորություններն ունեն պարզելու անձի ինքնությունը եւ հայտնաբերելու նրան։
«Հաշվի առնելով, որ.
-սպառնացողը որպես խմբագրությանը սպասվող վտանգի օրինակ է բերել իսլամական ծայրահեղականների կողմից հարձակման ենթարկված և 10 զոհ տված «Շառլի Էբդո» երգիծական շաբաթաթերթի կրած ողբերգությունը,
-վտանգն իրական համարելով՝ Մարիաննա Գրիգորյանը դիմել է իրավապահ մարմիններին,
մենք՝ ներքոստորագրյալներս, պահանջում ենք.
-ՀՀ դատախազությունից՝ քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար
-ՀՀ ոստիկանությունից՝ մինչ վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը», ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել են ինը կազմակերպություններ, մասնավորապես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, ԵՄԱ-ն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը եւ այլն:
Միեւնույն ժամանակ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տեղեկացնում է, որ Հայկ Օհանյան անվանմամբ օգտատիրոջ կողմից շարունակվում են մահվան սպառնալիքները Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ:
‘