‘
Բելգիան ողջունում է նոր արքա Ֆիլիպին և թագուհի Մատիլդային: Ֆիլիպ Լեոպոլդ Լյուդովիկ Մարիա՝ այսպես է Բելգիայի՝ թվով յոթներորդ թագավորի լրիվ անունը: Մեկ օր առաջ տեղի է ունեցել Ֆիլիպի երդմնակալության արարողությունը, որի ընթացքում նա երդվել է հավատարիմ լինել սահմանադրությանը և ժողովրդին:
Ըստ հարցումների՝ բելգիացիների մեծ մասը դրական է գնահատում Ալբերտ Երկրորդի գահակալության ժամանակաշրջանը: Ֆիլիպ արքան շնորհակալական խոսքեր է ուղղել իր 79-ամյա հորը:
Հենց որ նոր միապետը երդվել է, Բրյուսելում թնդանոթի համազարկեր են հնչել: Երդմնակալությունից երկու ժամ առաջ Ֆիլիպի հայրը՝ Ալբերտ Երկրորդը, ստորագրել է գահից հրաժարվելու ակտը՝ այդպիսով ավարտելով իր թագավորելու գրեթե 20-ամյա ժամանակաշրջանը: Իր վերջին ճառում Ալբերտ Երկրորդը կոչ է արել նոր արքային և Բելգիայի քաղաքական գործիչներին՝ «առանց հոգնության աշխատել՝ հանուն Բելգիայի միասնության պահպանման»:
Բելգիան սահմանադրական միապետություն է, որտեղ թագավորը, սովորաբար, ծիսական պարտականություններ է կատարում: Բացի այդ՝ քաղաքական ճգնաժամերի ընթացքում միապետը կարող է նաև հանդես գալ միջնորդի դերում, փոխանցում է euronews-ը:
‘