‘
Ֆիլիպինցի նախկին վարձու մարդասպան Էդգար Մատոբատոն հայտնել է, որ երկրի գործող նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Դավաո քաղաքի քաղաքապետ եղած ժամանակ հրահանգել է առանց դատ ու դատաստանի սպանել հանցագործներին և իր ընդդիմախոսներին:
Արտադատական հաշվեհարդարների մասին սենատի լսումների ընթացքում նախկին վարձու մարդասպանը պատմել է, որ Դուտերտեն անձամբ էր հրահանգներ տալիս իրեն և մյուս վարձու մարդասպաններին, թե ինչպես կատարեն այդ սպանությունները: Նրա խոսքով՝ նման հաշվեհարդարների արդյունքում սպանվել է առնվազն հազար մարդ: Դուտերտեն ավելի վաղ հերքել է իր մասնակցությունը սպանություններին:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն պաշտոնն ստանձնել է հունիսի 30-ին: Նրա նախընտրական ծրագիրը կառուցված էր, այդ թվում՝ երկրում թմրավաճառքին վերջ դնելու խոստումների և դրան հասնելու համար ցանկացած միջոցի դիմելու հավաստիացումների վրա:
Դուտերտեի նախագահության երկու ամիսներին արտադատական հաշվեհարդարների ընթացքում երկրում արդեն սպանվել է ավելի քան երկու հազար թմրամոլ և թմրավաճառ:
Դուտերտեի արշավն արժանացել է ընդդիմության քննադատությանը, որը նախագահին մեղադրում է վախի մթնոլորտ ստեղծելու մեջ, երբ ցանկացած սպանություն կարելի է քողարկել թմրավաճառքի մեղադրանքներով:
Փոխանցում է BBC-ն:
‘