‘Ֆիլմ կյանքի, սիրո և ատելության մասին’

1376

Միջազգային խաղարկային մրցույթում   «Ոսկե ծիրան»-ի  է արժանացել ուկրաինացի ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկի  «Ցեղը» ֆիլմը: Այս ֆիլմը պատմում է խուլ ու համրերի մասնագիտական գիշերօթիկ դպրոցի առօրյայի մասին: Առօրյա, որ լի է վտանգավոր որոգայթներով, գրված և չգրված օրենքների պարտադրանքներով ու նաև մարդկային անկեղծ մղումներ ենթադրող պարագաներով: Այդպիսի պարագաների բերումով ֆիլմի հերոսը հանդիպում ու սիրահարվում է դպրոցի ազդեցիկ դեմքի հարճերից մեկին` Աննային, ու կանգնում դժվարին ընտրության առաջ: 
Ֆիլմի հերոսուհուն` Աննային, մարմնավորել է ուկրաինացի դերասանուհի՝ խուլ ու համր, չափազանց համակրելի Յանա Նովիկովան: 20-ամյա Յանան Բելառուսից է: Ծնվել է գյուղում: Ընտանիքում բոլորը խոսող են, ինքն ու քույրը` խուլուհամր: Իրենց գյուղում խուլուհամրերի դպրոց չլինելու պատճառով կրթություն է ստացել ինտերնետի օգնությամբ, նաև խուլուհամրերի գիշերօթիկ դպրոցում. «Մայրս չէր ուզում, որ գիշերօթիկ գնամ: Միշտ տանն էր մնում, որ ինձ նկարել սովորեցնի: Երեք տարեկանից ստիպում էր, որ նկարեմ: Ուզում էր, որ դիզայներ դառնամ: Ես փաստի առաջ կանգնեցի, ուզում էի ուրիշ տեղ սովորել, չկար: Ստիպված ընդունվեցի մեքենաշինական քոլեջ: Երրորդ տարում, զգացի, որ չեմ կարող, դա իմը չէ և թողեցի քոլեջը», ասուլիսներից մեկի ժամանակ ասել է դերասանուհին:
Քոլեջից դուրս գալուց հետո ցանկացել է նկարչություն սովորել: Այդ նպատակով մեկնել է Ուկրաինա մրցույթի. «Ինձ շատ էին հավանել, բայց չընդունեցին, քանի որ Բելառուսի քաղաքացի էի, ոչ Ուկրաինայի: Շատ նեղվեցի, բայց ինչ անեի…Մեր ֆիլմը կյանքի մասին է, սիրո մասին, ատելության: Այն ցույց է տալիս, թե մարդիկ ինչպես են ապրում խուլ-համրերի աշխարհում: Ես վստահ եմ, որ այդ մարդկանց համար ամեն ինչ լավ կլինի: Այս ֆիլմն օգնում է մեզ, որովհետև հնարավորություն է տալիս պատմելու մեր մասին»:

«Ոսկե ծիրանի» աշխարհահռչակ հյուր, կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկն էլ լրագրողների հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձել է Յանա Նովիկովայի անձին և ճակատագրին, նշելով, թե դա պարզապես ապշեցուցիչ, հիացմունքի արժանի փաստ է, որ խուլ ու համր այդ աղջիկն իր մեջ ուժ է գտել հաղթահարելու ֆիզիկական արատը և այդքան հաջողությամբ ներկայացնելու կերպարը հանդիսատեսին:

Նշենք նաև, որ ռեժիսոր Միրոսլավ Սլաբոշպիցկու «Ցեղը» ֆիլմի նախագիծը 2012թ.-ին Երևանում անցկացված «Ռեժիսորներ առանց սահմանների» 6-րդ համատեղ արտադրության ֆորումի հաղթողներից է: Այն պարգևատրվել է 3500 եվրոյին համարժեք դրամաշնորհով ` որպես նախագիծ, որն անդրադառնում է հանդուրժողականությանն ու սոցիալական հիմնախնդիրներին: 2014թվականին Կաննի միջազգային կինոփառատոնի «Քննադատների շաբաթ» ծրագրում ֆիլմն արժանացավ 3 մրցանակի: Բոլորովին վերջերս ֆիլմը «Գրան պրի» է շահել Անդրեյ Տարկովսկուն նվիրված «Հայելի» միջազգային կինոփառատոնում:

Նախորդ հոդվածը‘Այսօր «Ոսկե ծիրան» 11րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվող ֆիլմերը’
Հաջորդ հոդվածը‘«Քարե գետը». ֆիլմ, որ պատմում է կենդանի մարդկանց հետ խոսացող ուրվականների մասին’