‘Ֆինանսների նախարարությունը Լֆիկ Սամոյին «բռնացրել է» հարկերը թաքցնելիս’

2048

Ֆինանսների նախարարության օպերատիվ  հետախուզության վարչությունը «հայտնաբերել է», որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) հետ փոխկապակցված «Ալեքս Գրիգ» ընկերությունը պետությունից թաքցնում է իր եկամուտների զգալի մասը:

Ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում  գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության  աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք:

«Այսինքն, ստացվում է, որ «Ալեքս Գրիգ»-ն իրականում դուրս էր գրել 2500 կգ շաքարավազի հարկային հաշիվ, սակայն փաստացի առաքել էր 5500 կգ, որից 3000 կգ, ըստ ներկայացված փաստաթղթերի, պետք է տեղափոխվեր «Ալեքս Գրիգ» ընկերության մանրածախ վաճառքի կետ», — ասվում է ֆինանսների նախարարության հաղորդագրությունում:  Հայտնաբերված խախտման վերաբերյալ կատարվում են հաշվարկներ` պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար:

Նշենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալների համաձայն, Հայաստանում շաքարավազի շուկայի 99,8%-ը կենտրոնացված է իշխող վարչակարգի հովանավորությունը վայելող Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերության ձեռքում:

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պետական հաստատությունը Ալեքսանյանին պատկանող բիզնեսում լուրջ խախտումներ է հայտնաբերում: Մի քանի տարի առաջ ուկրաինական կողմի դրդմամբ Ալեքսանյանի ընկերությունը մի քանի հարյուր հազար դրամով տուգանվեց ուկրաինական օղի կեղծելու համար: Նախորդ 2012-ին Երեւանի քաղաքապետորանը եւ մշակույթի նախարարությունը մի շարք ակտերի միջոցով փաստեցին, որ Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերություն՝ «Երեւանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ը առանց թույլատվության շինարական աշխատանքներ է ծավալել Մաշտոցի պողոտայի Փակ շուկայի տարածքում՝ աղճատելով ճարտարապետական հուշարձանի արտաքին տեսքը: Սակայն, թե առաջին, թե երկրորդ դեպքերում պետական հաստատությունների միջամտությունը արդյունք չի տվել՝ չնչին տուգանքներ մուծելուց հետո Լֆիկ Սամոն շարունակում է իրեն պատկանող սուպերմարկետներում կեղծած օղի վաճառել, իսկ Փակ շուկան համապատասխան ճարտարապետական միջամտությունից հետո  վերածվել է հերթական սուպերմարկետի: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԱԳՆ. ԼՂՀ իշխանությունները պատրաստ են այսուհետ ևս իրենց կառուցողական ներդրումն ունենալ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում’