‘Ֆիննախը կուսումնասիրի երիտասարդ դասախոսների բարձրացրած խնդիրը’

842

Պետական բուհերի դասախոսները բաց նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ նշելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները մեծ խնդիրներ են առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում: Նշենք, որ պայմանավորված այս խնդրով միայն ԵՊՀ-ում 12 երիտասարդ դասախոսներ գործից ազատման դիմում են տվել:

Կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը Panorama.am-ին հայտնել է, որ Աբրահամյանը հանձնարարություն է տվել ֆինանսների նախարարությանը, որպեսզի ուսումնասիրվի բարձրացված խնդիրը:

Դասախոսների նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի պարոն Աբրահամյան, Ձեզ ենք դիմում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխությունների հետ կապված մի խնդրով, որի հետևանքով բազմաթիվ երիտասարդ դասախոսներ, ովքեր աշխատում են նաև մասնավոր ոլորտում, կարող են ստիպված լինել հեռանալ պետական բուհերից: Ինչպես հայտնի է, 2014թ. հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Այդ օրենքի փոփոխված տարբերակի 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս մասնավոր ընկերություններում աշխատող անձանց հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Միևնույն ժամանակ, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սոցիալական վճար կատարելուց հրաժարվելու իրավունք չի տալիս պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարձու աշխատողներին:

Հայաստանի Հանրապետությունում պետական բուհերն ունեն հենց պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև: Հետևաբար, բուհերի որևէ դասախոս, ով ծնվել է 1974թ.-ի հունվարի 1-ից հետո, չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Այս հանգամանքը մեծ խնդիրներ է առաջացնում հատկապես այն դասախոսների համար, ովքեր համատեղությամբ աշխատում են նաև մասնավոր ընկերություններում: Հարգելի պարոն Աբրահամյան, Մենք երբևէ չենք վերաբերվել բուհին՝ որպես եկամտի աղբյուրի:

Համալսարանը մեզ համար միշտ եղել է հարազատ տուն, որը պետք է պահպանել առանց որևէ նյութական շահի: Դա է պատճառը, որ մենք, ունենալով մասնավոր ոլորտում համեմատաբար բարձր վարձատրվող աշխատանք, զոհաբերել ենք այդ աշխատանքին տրվող ժամանակի մի մասը համալսարանական կրթությանը որոշակի նպաստ բերելու համար՝ դրա դիմաց ստանալով չնչին վարձատրություն:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նշված փոփոխություններից հետո իրավիճակն այլ է: Դժգոհություն երբևէ չէր առաջանա, եթե սոցիալական վճար հաշվարկվեր միայն բուհից ստացվող աշխատավարձից: Պարզաբանում ստանալու համար մենք դիմել ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն վերջինից ստացված նամակը (կից ներկայացվում է) անվերապահորեն պնդում է, որ մասնավոր ընկերությունում և ՊՈԱԿ-ում համատեղությամբ աշխատող անձը չի կարող հրաժարվել սոցիալական վճար կատարելու պարտականությունից: Ստացվում է, որ, համալսարաններում աշխատելով, մենք ստիպված ենք լինելու սոցիալական վճար կատարել ոչ միայն համալսարաններից ստացվող ցածր աշխատավարձից, այլև մասնավոր ընկերության համեմատաբար բարձր աշխատավարձից:

Հետևաբար, համալսարաններում աշխատելը մեզանից կպահանջի ոչ միայն ժամանակի հատկացում, այլև կհանգեցնի համալսարաններից դուրս մեր կողմից ստացվող եկամտի նվազմանը, իսկ այդ նվազեցվող եկամուտը հաճախ ավելին է լինելու, քան համալսարաններից ստացվող աշխատավարձը: Արդյունքում, համալսարաններում դասավանդելու համար մենք հարկադրված կլինենք տրամադրելու ոչ միայն ժամանակ, այլ նաև՝ փաստորեն, որոշակի գումար:

Հաշվի առնելով վերոգրյալը, երիտասարդ գիտնականների` կրթության և գիտության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները լուծելու պատրաստակամությունն ու սրտացավությունը` խնդրում ենք Ձեզ ձեռնարկել հարցի լուծմանն ուղղված քայլեր, այլապես, ամենայն հավանականությամբ, շատ երիտասարդ դասախոսներ ստիպված կլինեն հրաժարվել համալսարաններում դասավանդելուց»:

Նախորդ հոդվածը‘ Դեյլի Բլինդը «Մանչեսթր Յունայթեդում» է’
Հաջորդ հոդվածը‘Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդը» «հավանություն» է ստացել Թուխմանուկի նոր պոչամբարի կառուցման համար’