‘Ֆիննախ. Բյուջեի եկամուտներն աճում են` անուղղակի հարկերի աճի հաշվին’

766

2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 876.5 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 814 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81.6%‑ով և 76.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը` նախորդ տարվա 80.9%-ի և 76.9%-ի դիմաց:

Նախորդ տարվա տասն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 16.5%-ով (123.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 9.1%-ի (63 մլրդ դրամի) դիմաց. այն հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 827.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 81.3%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 16.7%‑ով կամ 118.4 մլրդ դրամով` նախորդ տարվա 10.4%-ի կամ 66.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակից պետական բյուջե է մուտքագրվել 200.2 մլրդ դրամ:

Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (62.9 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.5%-ի (32.1 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Դրանք հաշվետու ժամանակահատվածում կազմել են 755.5 մլրդ դրամ: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 87.9 մլրդ դրամով (տարեկան ծրագրով նախատեսված էր 43.2 մլրդ դրամ):

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.100 մլն դոլար ‘