‘Ֆիննախ. 700 միլիարդ չկա, հետեւաբար՝ 700 մլրդի չարաշահում չկա’

1310

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը համաձայն չէ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում տեղ գտած այն գնահատականի հետ, թե պետական բյուջեից շուրջ 700 միլիարդ դրամի չարաշահման ռիսկեր կան:

«Համաձայն չեմ, որովհետեւ 700 միլիարդի չափով պետական գնումներ չեն կատարվում», — կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարեվերջին Կառավարությունը բյուջեի ընդունումից հետո հաստատում է գնումների պլան: Ըստ նախարարի՝ այս տարվա գնումների պլանը եղել է 262 մլրդ դրամի չափով: Ընդ որում՝ այս թիվը վերաբերում է պետբյուջեի հաշվին նախատեսված գնումներին: Միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ իրականացվող գնումների հետ միասին՝ գնումների համար նախատեսված գումարը կազմում է 445 միլիարդ դրամ, որից 130 մլրդ ուսուցիչներին եւ պետական բուժհաստատությունների աշխատակիցներին աշխատավարձ է վճարվում եւ ձեւակերպվում է որպես պետական գնում:

«Այս պայմաններում համատարած ռիսկայնության մասին, առավելեւս՝ 700 միլիարդ դրամի, խոսել չի կարելի», — ֆիքսեց նախարարը:

Դավիթ Սարգսյանը պատրաստ չէ այս պահին գնահատել՝ չարաշահման ռիսկերը ինչ գումարների են հասնում, բայց համոզված է, որ դրանք մի քանի հարյուր միլիոնից չեն անցնում:

Հիշեցնենք, հունիսի 29-ին նախագահական նստավայրում անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը, քննադատելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ բյուջետային չարաշահումների մասին հնչեցրած գնահատականը, նշել էր, որ ՎՊ-ի հաշվետվության մեջ ընդամենը 200 կամ 300 մլն դրամի հափշտակման կասկածանքի դեպքեր կան, «մնացած բոլորը հեքիաթներ են»:

 

Նախորդ հոդվածը‘Բացվել է Երևանյան համաեվրոպական խորհրդաժողովը (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարարը 100 միլիոնով զուգարան չէր գնի’