‘Ֆիքսվել է կոռուպցիայի դրսևորում, որի կողմերն են Տիգրան Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը’

2977

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի գործով զբաղվում է հայրենի դատախազությունը: Սա իմիջիայլոց: 

Այսօր, դատախազության կազմավորման 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Տիգրան Սարգսյանը վարչապետի հուշամեդալով ու շնորհակալագրով պարգևատրել է մի դափոն դատախազների: Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը վարչապետին պարգևատրել է դատախազության 95-ամյակի հուշամեդալով (աղբյուրը՝ ՀՀ կառավարության պաշտոնական կայք):
Հիմա վերադառնանք սկզբում իմիջիայլոց հիշատակվածին, համադրենք փոխադարձ պարգևատրումների մասին այս լուրի հետ: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ դասական կոռուպցիա. վարչապետն իր որոշմամբ պարգևներ է տալիս մարդկանց, ովքեր ի պաշտոնե այսօր «հետաքննում են» իր օֆշորային քաջագործությունները: Իհարկե, սա չնչին մեղք է՝ համեմատած միլիոնավոր դոլարների խաբեությունների հետ, բայց փաստը մնում է փաստ. ֆիքսվել է կոռուպցիայի դրսևորում, որի կողմերն են Տիգրան Սարգսյանն ու Աղվան Հովսեփյանը:
Որպես պարտաճանաչ քաղաքացի, ինձ մնում էր երկու բան անել. փաստի առիթով ահազանգել համապատասխան կառույցներին՝ ՀՀ գլխավոր դատախազություն և կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ (մարդն ասել է, չէ՞ — գլխից է պետք բռնել՝ մեծերին): 
Բայց ՀՀ գլխավոր դատախազություն դիմելն իմաստ չունի, որովհետև գլխավոր դատախազը հենց ահազանգի թիրախներից մեկն է. հո ինքն իրեն չի՞ պատժելու: Լավ, կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն էլ հո կա՞: Կա չէ՞: Բա իհարկե: Ասե՞մ, թե ով է կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող այս խորհրդի նախագահը:

Ռաֆայել Թեյմուրազյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10201081827341415&set=a.1149443529850.23174.1040458682&type=1&theater&notif_t=photo_reply

Նախորդ հոդվածը‘Պորտուգալացիներն իշխանություններին ցույց են տալիս դռան տեղը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի նախագահի կուսակցությունը քաղաքական բոյկոտ է հայտարարել խորհրդարանին’