‘ՖԻՖԱ-ն դեմ է Ռուսաստանում ԱԱ-2018-ն անցկացնելու բոյկոտին’

737

ՖԻՖԱ-ն մերժում է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանից մեկ այլ երկիր տեղափոխելու գաղափարը, ասվում է համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի հայտարարության մեջ:

«Պատմությունը ցույց է տվել, որ մարզական մրցումների բոյկոտը, մեկուսացման կամ դիմակայության քաղաքականությունը խնդիրը լուծելու ամենաարդյունավետ միջոցները չեն: Սեփական հարկի տակ աշխարհի առաջնության ընդունումը, որը համընդհանուր ուշադրության է արժանանում, կարող է ժողովուրդների և կառավարությունների միջև կառուցողական երկխոսության կատալիզատոր հանդիսանալ»,- նշված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացումից, որում միջազգային հանրությունը մեծ մասամբ մեղադրում է Մոսկվային, և Boeing-777-ի աղետից հետո եվրոպացի մի շարք քաղաքական գործիչներ սկսեցին խոսել այն մասին, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Ռուսաստանում անընդունելի է, և Ռուսաստանը պետք է զրկվի այդ իրավունքից:

Մեկ տարի առաջ Ռուսաստանում մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Եվրոպայում և Ամերիկայում կոչեր էին հնչում բոյկոտել Ձմեռային օլիմպիական խաղերը Սոչիում, սակայն այդ գաղափարը զանգվածային աջակցություն չստացավ, և օլիմպիադան, ընդհանուր առմամբ, հաջող անցավ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավտովթար զինվորական կենտրոնական հավաքակայանի դիմաց. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘ԿԱՀ. Հակամարտող մուսուլմաններն ու քրիստոնյաները խաղաղության պայմանագիր են կնքել’