‘ՖԻՖԱ-ն պատժել է Բուլղարիայի հավաքականին’

544

ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել Բուլղարիայի եւ Հունգարիայի հավաքականների դեմ՝ նրանց երկրպագուների ռասիստական եւ հակասեմիթական գործողությունների համար, հաղորդում է ՖԻՖԱ-ի լրատվական ծառայությունը: Երկու հավաքականներն էլ մեկական հանդիպում կանցկացնեն առանց երկրպագուների:

Բուլղարիան պատժվել է նրա համար, որ անցած տարի 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Դանիայի հետ հանդիպման ժամանակ բուլղարացի երկրպագուները ռասիստական բնույթի վանկարկումներ են արել Դանիայի հավաքականի պաշտպան, ծագումով տանզանիացի Պատրիկ Մտիլիգայի հասցեին: Բուլղարիայի հավաքականը այս տարի մարտի 22-ին Մալթայի հետ ընտրական հանդիպումը կանցկացնի դատարկ մարզադաշտում: Բացի այդ, Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պետք է վճարի 37 900 դոլար տուգանք:  

Հիշեցնենք, որ Բուլղարիայի հավաքականը Հայաստանի հավաքականի հետ ընդգրկված է ընտրական նույն խմբում:

Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատժվել է 2012թ. օգոստոսին Իսրայելի հավաքականի հետ ընկերական հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից հակասեմիթական արտահայտությունների համար եւ տուգանվել 43 300 դոլարով: Մարտի 22-ին ընտրական մրցաշարի հերթական խաղը՝ Ռումինիայի հավաքականի հետ, հունգարները կանցկացնեն առանց երկրպագուների:

Նախորդ հոդվածը‘«Մթնշաղը»՝ վատագույն ֆիլմերի մրցանակաբաշխության հավակնորդների բացարձակ առաջատար’
Հաջորդ հոդվածը‘Եղվարդ-Արագյուղ-Բուժական ճանապարհահատվածը բացվել է’