‘Ֆուտբոլի Թուրքիայի առաջնությունը դադարեցվել է, «Ֆեներբահչեն» հրաժարվում է մասնակցությունից’

1129

Թուրքիայի սպորտի նախարարությունը եւ ֆուտբոլային լիգան որոշել են մեկ շաբաթով դադարեցնել երկրի ֆուտբոլային առաջնությունը: Պատճառը զինված հարձակումն է Ստամբուլի «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստների ավտոբուսի վրա:

«Մենք դատապարտում ենք հարձակումը «Ֆեներբահչեի» ավտոբուսի վրա: Միջադեպը համարում ենք հարձակում թուրքական ֆուտբոլի վրա եւ կոչ ենք անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարությունում:

«Ֆեներբահչեն» հայտարարել է, որ մինչեւ չպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքները, չեն մասնակցի Թուրքիայի առաջնության հանդիպումներին:

Նշենք, որ Թուրքիայի առաջնության 26-րդ տուրի խաղում «Ռիզեսպորի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակից հետո «Ֆեներբահչեի» ավտոբուսը զինված հարձակման է ենթարկվել Ռիզայից Տրաբզոն ճանապարհին: Որսորդական հրացանով կրակել են բարձր արագությամբ ընթացած ավտոբուսի վարորդի ուղղությամբ: Թիմի անվտանգության աշխատակիցը հասցրել է մի քանի վայրկյանում ձեռքի արգելակով գցել ավտոբուսի արագությունը: Հաջողվել է խուսափել լուրջ ավտովթարից: Ֆուտբոլիստներն ու մարզիչները չեն տուժել: Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Միջադեպից հետո «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստներն ու ակումբի աշխատակիցները Տրաբզոնի օդանավակայան են տեղափոխվել զրահապատ ավտոմեքենայով:

Նախորդ հոդվածը‘Խուզարկություններ եւ ձերբակալություն Վանաձորում. «100-ամյակն առանց ռեժիմի»’
Հաջորդ հոդվածը‘ Բուսկետսը դեղին քարտը ստացել է Լուիս Էնրիկեի ցուցումով(տեսանյութ)’