‘
Ֆրանսիական BNP Paribas բանկը համաձայնել է ԱՄՆ իշխանություններին ռեկորդային՝ ինը միլիարդ դոլար տուգանք վճարել՝ մի շարք պետությունների՝ Սուդանի, Կուբայի և Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար:
«2004-ից մինչև 2012 թթ. BNP-ն զբաղվում էր բավական բարդ և լայնորեն կիրառվող սխեմայի օգնությամբ ԱՄՆ ֆինանսական համակարգից միլիարդավոր դոլարների ապօրինի տեղափոխմամբ»,- հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը մամլո ասուլիսում:
Նման կերպ գործելով՝ բանկը «գիտակցաբար և բազմիցս խախտել է ամերիկյան երկարամյա պատժամիջոցները»,- հավելել է գլխավոր դատախազը:
Ինչպես հաղորդել է Wall Street Journal թերթը, բանկն ինքը պատրաստ էր խախտման համար վճարել մինչև ութ միլիարդ դոլար, սակայն ԱՄՆ իշխանությունները սպառնացել են 10 միլիարդ դոլարի տուգանք գանձել: Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսն այդ գումարն «անընդունելի» է անվանել:
Նախկինում նույնպես համանման դեպքերի համար ԱՄՆ-ը բավական խոշոր տուգանքներ է գանձել միջազգային բանկերից: Բրիտանական բանկային HSBC խումբը 2012 թ. վճարել է 1,9 մլրդ դոլար այն բանից հետո, երբ ԱՄՆ իշխանությունները բանկին մեղադրել են նրա միջոցով մեքսիկացի թմրակարտելների և այնպիսի իզգոյ-պետությունների միլիարդավոր դոլարներ լվանալու մեջ, ինչպիսիք են Իրանը, Սիրիան և Հյուսիսային Կորեան: Իսկ շվեյցարական Credit Suisse բանկը իրեն մեղավոր էր ճանաչել ԱՄՆ իշխանություններից ամերիկացի հարկատուների տվյալները թաքցնելու մեջ և վճարել էր 2,6 մլրդ դոլար տուգանք: Փոխանցում է BBC-ն:
‘