‘
Հոկտեմբերի 19-ին Մարսելի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծխական եկեղեցում տեղի է ունեցել Ֆրանսիայում Հայ Առաքելական Եկեղեցու պատվիրակների միության արտահերթ հանդիպումը: Ըստ Nouvelle d’Armenie-ի, հանդիպման ընթացքում քննարկվել է թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի պայմանները և հնարավոր հետևանքները՝ սկսած 2013թ.-ի նոյեմբերի 1-ից:
Միությունն իր անհամաձայնությունն ու խորը տխրությունն է հայտնել արքեպիսկոպոսի հրաժարականի առումով` նշելով, որ ի վիճակի չեն հավատալու, որ դա վերջնական որոշում է:
Ավելին, պատվիրակությունը ցավում է այն խորը հանգամանքների համար, որոնք հրաժարականի համար պատճառ հանդիսացան: Միությունը հրավիրել է Ն.Ս.Օ.Տ.Տ. ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանին՝ երկխոսոսության նպատակով, որն ուղղված է հարաբերությունների հաշտեցմանը: Պարբերականը նշում է, որ Ֆրանսիայի թեմը պատրաստ է ամբողջ ուժով նպաստել այս գործընթացին:
Միությունը հույս է հայտնում, որ հավատացյալները կգնահատեն Նորվան Զաքարյանի քահանայական արժեքները, ինչպես նաև նվիրվածությունն ի բարելավումն եկեղեցու:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հուլիսի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել կաթողիկոսին այն բանից հետո, որբ Գարեգին Բ-ն իրեն հրապարակայնորեն նկատողություն էր արել:
Ֆրանսիայի թեմի նոր առաջնորդի ընտրությունները տեղի կունենան նոյեմբեր ամսին:
‘