‘Ֆրանսիայի նախագահը ծաղրի առարկա է դարձել ղազախստանյան լուսանկարի պատճառով’

1025

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի լուսանկարը, որտեղ նա պատկերված է ղազախական ազգային տարազով՝ ասեղնագործ մուշտակով և մորթե գլխարկով, բուռն կատակների առարկա է դարձել սոցիալական ցանցերում:

 Տարազը Օլանդին նվիրել է իր գործընկերը՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը լուսանկարվել է նրա հետ, սակայն սովարական, պաշտոնական կոստյումով: Թեպետ Ֆրանսիայի աշխատակազմի ներկայացուցիչները պնդել են, որ լուսանկարը չհրապարակվի, այնուհանդերձ՝ այն հայտնվել է Նազարբաևի պաշտոնական կայքէջում, թեպետ հետո Օլանդի խնդրանքով հեռացվել է:

Օլանդի ընդդիմախոսներն ամբողջ օրը զվարճացել են՝ սոցցանցերում տեղադրելով ֆոտոմոնտաժներ՝ Օլանդը՝ տարբեր կերպարանքներով՝ Սանտա-Կլաուսի, Օբելիքսի ու նույնիսկ «Միսս Ֆրանսիա-2015»-ի:

Սա առաջին դեպքը չէ, երբ լուսանկարի պատճառով Օլանդն անախորժությունների մեջ է ընկնում: Հունվարին պապարացիները նրան լուսանկարել էին Ելիսեյան պալատից ոչ հեռու՝ սիրուհու մոտից մոտոցիկլետով  հեռանալիս: Լուսանկարի հրապարակումից հետո  Օլանդի և այն ժամանակ Ֆրանսիայի առաջին տիկին, լրագրողուհի Վալերի Տրիրվայլերի հարաբերությունները խզվեցին, իսկ վերջինս գիրք հրապարակեց իր և Օլանդի կապի մասին՝ նրան ներկայացնելով որպես ստախոս և մանիպուլյատոր:

Եւս մի լուսանկար, որ AFP-ն և Reuters-ը արագ հեռացրել էին իրենց հրապարակումներից, բայց այն հասցրել էր վրդովմունք առաջացնել Ֆրանսիայում՝ անցյալ տարի դպրոցներից մեկն այցելության ժամանակ նախագահի ծամածռության  համար:

Ֆրանսուա Օլանդի վարկանիշն այժմ 12 % է. սա հարցումներ անցկացնելու ողջ պատմության ընթացքում Ֆրանսիայի նախագահի վարկանիշի ամենացածր ցուցանիշն է: 

Նախորդ հոդվածը‘Սաշիկի մեղավորն է՞լ են Թուրքիան ու Ադրբեջանը, պարոն ՄԻՊ’
Հաջորդ հոդվածը‘Օբաման անբարյացակամ է տրամադրված ԱՄՆ նախագահի հանդեպ’