‘Ֆրանսիայի նախագահը չի դատապարտում Ժերար Դեպարդյեի տեղափոխությունը Ռուսաստան’

542

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան, մեկնաբանել է հանրահայտ դերասան, «Սեզար» մրցանակի դափնեկիր Ժերար Դեպարդյեի որոշումը՝ քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ: Ֆրանսիացի քաղաքական գործիչը չի դատապարտել իր նախկին հայրենակցի որոշումը: «Գիտե՞ք, ամեն մեկն իր դերն ունի»,- հայտարարել է Օլանդը Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցում: «Ես նախագահ եմ, Ժերար Դեպարդյեն՝ յուրօրինակ արվեստագետ է, շատ հայտնի անձնավորություն: Նրա կյանքի կանոնները հարմար չեն ցանկացած միջին քաղաքացու համար և համեմատելի չեն նույնիսկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կենսակերպի հետ: Ես վստահ եմ, որ Ռուսաստանի նախագահն այնպիսի ընտրություն է կատարել, որը չի ոտնահարում մեր շահերը: Եթե Ժերարը որոշել է լքել երկիրը, թող լքի: Եթե նա այդքան սիրում է Ռուսաստանը, իսկ Ռուսաստանն էլ այդքան սիրում է Ժերար Դեպարդյեին, ապա դա բացատրելի է: Սակայն, այնուամենայնիվ, Ժերար Դեպարդյեն սիրում է նաև Ֆրանսիան և ճանաչվել է նրա լավագույն դերասաններից մեկը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Հիշեցնենք, Դեպարդյեն հայտարարեց Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու իր որոշման մասին այն բանից հետո, երբ կառավարությունը հսկայական հարկեր մտցրեց Հինգերորդ հանրապետության մեծահարուստ քաղաքացիների համար: Հետագայում սահմանադրական դատարանն այդ նախաձեռնությունն ապօրինի ճանաչեց, սակայն դերասանը չհրաժարվեց իր որոշումից և Ռուսաստանի քաղաքացիություն ընդունեց, փոխանցում է РБК-ն:

Նախորդ հոդվածը‘Արման Սահակյան. Խորհուրդ կտամ պարոն Մելքոնյանին հաջորդ անգամ հետևել սեփական խոսքին ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ-Րաֆֆի բանակցությունների առաջին ռաունդ’