Ֆրանսիայի նախագահին կարող էին գաղտնալսել Pegasus ծրագրի օգնությամբ

109

ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտնվել է աշխարհի այն առաջնորդների ցուցակում, որոնց հեռախոսները հակերային հարձակման են ենթարկվել։

Ենթադրվում է, որ հակերները մտադրվել են այդ հեռախոսների մեջ գործարկել Pegasus վիրուսային ծրագիրը և նրա օգնությամբ գաղտնալսել խոսակցությունները։

Pegasus-ը Իսրայելում տեղակայված NSO Group ընկերության մշակած ծրագիրն է։

Ընդհանուր առմամբ՝ NSO-ի հաճախորդներին հետաքրքրող ցուցակում եղել է մոտավորապես 50 հազար հեռախոսահամար, այդ թվում՝ նաև Մակրոնինը։

NSO ընկերությունը հերքում է իր առնչությունը հակերներին և այդ ցուցակին ու պնդում է, որ հիշյալ ծրագրային ապահովումը նախատեսված է հանցագործների և ահաբեկիչների դեմ պայքար մղելու համար։ Ընկերությունը հավաստիացնում է, որ այդ ծրագիրը հասանելի է միայն զինվորականներին, իրավապահ մարմիններին և հետախուզական կազմակերպություններին, որոնք մարդու իրավունքների պահպանության բնագավառում լավ վարկ ունեն։

Ֆրանսիական Le Monde թերթի հաղորդման համաձայն՝ Մակրոնի հեռախոսահամարը, որը նա օգտագործում է 2017 թվականից, «պարզել է» Մարոկկոյի հետախուզությունը։ Մարոկկոյի իշխանությունները պնդում են, որ իսրայելական ընկերության հետ որևէ գործ չեն ունեցել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըDaily Telegraph․ Վատիկանի «դժոխային բնակարանը»
Հաջորդ հոդվածը«Առաջին աղքատ նախագահը»․ Պերուում նախագահ է դարձել երկրի պատմության մեջ ամենաձախ քաղաքական գործիչը