‘Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը’

763

Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը հրաժարվել է արգելել ցլամարտը երկրի հարավում՝ հայտարարելով, որ այն չի հակասում օրենքին, հաղորդում է France-Presse գործակալությունը: Ցլամարտն արգելելու պահանջով դատարան էին դիմել կենդանիների պաշտպանները՝ վկայակոչելով ֆրանսիական օրենքները, որոնք քրեական պատասխանատվություն են սահմանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, նշում է Associated Press-ը:

Ցլամարտն արգելված է Ֆրանսիայի մի շարք շրջաններում, սակայն հարավային մասում պահպանվել է՝ որպես մշակութային երևույթ և զբոսաշրջությունը խթանող միջոց: Գործակալության տվյալներով՝ ամեն տարի ցլամարտի ընթացքում զոհ է գնում առնվազն հազար ցուլ:

Ավելի վաղ ի պաշտպանություն ցլամարտի հանդես էր եկել Ֆրանսիայի ներքին գործոց նախարար Մանուել Վալսը, ով հայտարարել էր, թե դա ավանդույթ է, որը պետք է պահպանել: Ցլամարտի կողմնակիցների մյուս փաստարկն այն է, որ այն արգելելու դեպքում Ֆրանսիայի հարավի տնտեսությունը ծանր հետևանքներ կկրի:  Մինչդեռ կենդանիների պաշտպանները հայտարարել են, որ մտադիր են այդ հարցով դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ցլամարտի կողմնակիցների և հակառակորդների միջև սուր վեճեր են ընթանում նաև դրա հայրենիքում՝ Իսպանիայում: 2011 թ. օգոստոսին Իսպանիայի խորհրդարանը ցլամարտը ճանաչեց որպես արվեստի տեսակ և մշակութային երևույթ: Մինչդեռ այդ երկրի երկու ինքնավար կազմավորումներում՝ Կանարյան կղզիներում(1991 թվականից) և Կատալոնիայում(2012 թվականից) ցլամարտն արգելված է:

Լուսանկարը՝ AFP

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը բավարարված չէ Ադրբեջանի և Հունգարիայի պարզաբանումներից ‘
Հաջորդ հոդվածը‘Պեկինի հրատարակչություններին արգելել են գրքեր հրապարակել Ճապոնիայի մասին ‘