‘
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսին սուլոցներով են դիմավորել Նիսում անցյալ ուրբաթ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքում:
Հիշեցնենք, որ 31-ամյա թունիսցի Մոհամեդ Բուլելը ծանր բեռնատարով մխրճվել էր բազմահազարանոց ամբոխի մեջ՝ սպանելով 84 մարդու և վիրավորելով 200-ից ավելիի:
Մինչ «լռության րոպի» մեկնարկը՝ ամբոխի միջից Վալսի հասցեին հնչել են «Մարդասպա՛ն», «Հրաժարական տուր» կոչերը:
Ավելի վաղ աջակենտրոն ընդդիմության առաջնորդ Նիկոլա Սարկոզին կառավարությանը մեղադրել է այն բանում, որ նա ընդունակ չէ ապահովելու քաղաքացիների անվտանգությունը: Սարկոզին նաև կոչ է արել Ֆրանսիայից արտաքսել ցանկացած օտարերկրացու, ով որևէ կերպ առնչություն ունի արմատական իսլամիստների հետ:
ՆԳ նախարար Բեռնար Կազնյովը հաղորդել է, որ առայժմ չի հաջողվել որևէ կապ գտնել Մոհամեդ Բուլելի և ահաբեկչական կազմակերպությունների միջև: Ու թեպետ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպությունն ստանձնել է Նիսի հարձակման պատասխանատվությունը, առայժմ որևէ ապացույց չկա, թե Բուլելն իր գործողությունները համակարգել է ԻՊ-ի հետ:
Փոխանցում է BBC-ն:
‘