‘Ֆրանսիայում սուգ է հայտարարվել իսլամիստների կողմից սպանված Էրվե Գուրդելի մահվան կապակցությամբ’

1232

Ֆրանսիայում սուգ է հայտարարվել Ալժիրում իսլամիստների կողմից մահապատժի ենթարկված ֆրանսիացի զբոսաշրջիկ Էրվե Գուրդելի մահվան կապակցությամբ: Երեք օր իջեցված կլինեն բոլոր պետական հիմնարկների դրոշները:

Տուրիստական այցով Ալժիր մեկնած 55-ամյա Գուրդելի գերվելու և հետո մահապատժի ենթարկվելու մասին լուրը ցնցել է ֆրանսիական հասարակությանը: Սգո ակցիային միացել են նաև մուսուլմանական համայնքի անդամներ: Ֆրանսիացի մուսուլմանների խորհրդի նախաձեռնությամբ՝ ուրբաթօրյա աղոթքը Փարիզի մզկիթում նվիրվել է իսլամիստների «բարբարոսական ակտի» քննադատությանը: «Ոչ ոք իրավունք չունի հանցանք գործել՝ քողարկվելով իսլամի անունով»,- ասվում է Ֆրանսիայի մուսուլմանական համայնքի անվանի գործիչների ուղերձում:

Ֆրանսիայի իշխանությունները լրջորեն մտահոգված են ահաբեկչության խնդրով՝ անմիջականորեն երկրի ներսում: Վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ եթե երկու տարի առաջ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմի սկզբին, հատուկ ծառայությունների տվյալներով՝ իսլամիստների շարքերում կար Ֆրանսիայի 30 քաղաքացի, ապա այսօր նրանց թիվը հասնում է հազարի: Ընդ որում՝ դրանցից մի երկու հարյուրը Մերձավոր Արևելքի թեժ կետերում ջիհադի մասնակցելուց հետո անարգել վերադարձել են Ֆրանսիա:

Ֆրանսիացի իսլամիստների շարքերում կան  նաև կանայք, որոնք հաճախ երեխաների հետ մեկնում են Սիրիա կամ Իրաք, որպեսզի օգնեն  «Իսլամական պետության» արմատականներին: «Դա Ֆրանսիայի համար դանդաղ գործող ռումբ է, և ամենակարևորը՝ ոչ ոք չգիտի, թե այն երբ կպայթի»,- եզրակացնում են փորձագետները: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘HRW-ն Տաշքենդին կոչ է անում դադարեցնել քաղբանտարկյալների խոշտանգումները’
Հաջորդ հոդվածը‘Դանիայի վարչապետը հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների դեմ յոթ օդանավ Իրաք ուղարկելու մասին’