‘
Ֆրանսիայի հարավում 53-ամյա տղամարդը վերակենդանացել է սրտի 18-ժամյա կանգից հետո՝ հիպոթերմիայի՝ մարմնի ջերմաստիճանի իջեցման շնորհիվ, հաղորդել է France Info ռադիոկայանը:
Դեպքը տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ, սակայն ԶԼՄ-ներին միայն հիմա է հայտնի դարձել: Տղամարդն ուզեցել է այցելել եղբորը, սակայն նրա տուն չի հասել: Հարազատները սկսել են նրան փնտրել ու գտել են Օրբ գետի ափին անգիտակից վիճակում, սրտի կանգով: Մարմնի ջերմաստիճանը 22 աստիճան է եղել:
Բեզիե քաղաքի հիվանդանոցի բժիշկները սրտի ուղղակի մերսում են կատարել, ապա հիվանդին տեղափոխել են Մոնպելիեի հիվանդանոց: Նրա սիրտն սկսել է նորից բաբախել կանգ առնելուց 18 ժամ անց:
Բժիշկների խոսքով՝ տղամարդը վերակենդանացել է հենց մարմնի ցածր ջերմաստիճանի շնորհիվ: «Հիպոթերմիան դանդաղեցնում է օրգանիզմի աշխատանքը, և այդ դանդաղեցումը կանխում է հիվանդության հետևանքները: Դա յուրօրինակ սառեցում է»,- պարզաբանել է բժիշկներից մեկը:
Փոխանցում է ria.ru-ն:
‘