Ֆրանսիան Լուկաշենկոյի ազգականներին մեղադրում է անօրինական ներգաղթ կազմակերպելու համար

166

Ալեքսանդր Լուկաշենկոյի ազգականները նպատակամղված կերպով միգրանտների ուղևորություններ են կազմակերպում Բելառուս՝ Թուրքիայով և ԱՄԷ-ով։

Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ եվրոպական գործերով պետքարտուղար Կլեման Բոնը՝ կոնկրետ անուններ չտալով, հաղորդում է ֆրանսիական Le Figaro պարբերականը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն լեհ և լիտվացի սահմանապահներին կոչ է արել ավելի «վճռական և մարդասիրաբար» գործել։

Բելառուսի իշխանությունները այս հայտարարությունը չեն մեկնաբանել։

Կլեման Բոնի կարծիքով՝ միգրացիոն ճգնաժամի միջոցով Մինսկը փորձում է «խարխլել» Եվրամիությունը՝ միևնույն ժամանակ ԵՄ-ին մեղադրելով մարդկանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար․ բելառուսական իշխանամետ հեռուստաալիքները պարբերաբար տեսագրություններ են հրապարակում, որոնցում լեհ և լիտվացի սահմանապահները, իբր, դաժանաբար են վարվում փախստականների հետ։

Ավելի վաղ ԵՄ-ն միգրանտներին բելառուսական սահման տեղափոխելու միջոցով «հիբրիդային պատերազմ» մղելու մեղադրանք էր առաջադրել Լուկաշենկոյին, ինչին ի պատասխան՝ Լուկաշենկոն հայտարարել էր, թե Եվրամիության պատժամիջոցների պատճառով երկրում միգրանտներ ընդունելու համար ուժը չի հերիքում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԼատվիայում նոր լոքդաուն է սահմանվել
Հաջորդ հոդվածըՀայաստանի նորագույն պատմության ուրացումն ու կեղծումը․ Մաս 4