Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության «Թվիթեր»-ի էջում կատարված գրառմանը արտաքին քաղաքական գերատեսչությունը կցել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մայիսի 5-ի հայտարարությանը:
«Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Մայիսի 4-ին Ադրբեջանում պահվող երեք հայ գերիների ազատ արձակումը դրական ժեստ է այդ ուղղությամբ»,- նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը:Մայիսի 5-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) դարձյալ կոչ են արել վերադարձնել բոլոր պահվող անձանց, կալանավորվածներին, ինչպես նաև օպերատիվորեն իրականացնել աճյունների փոխանակման գործընթացը: