‘Ֆրանսիան հետաքրքրվում է Ասադի հորեղբոր ունեցվածքով’

934

Փարիզի դատախազությունը նախաքննություն է սկսել Ֆրանսիայում Բաշար Ասադի հարազատ հորեղբորը՝ Ռիֆատ Ասադին պատկանող ակտիվների ծագումնաբանությունը պարզելու նպատակով, հաղորդել է France-Presse գործակալությունը: Ռիֆատ Ասադի ունեցվածքի նկատմամբ քննիչների հետաքրքրության պատճառը սեպտեմբերի 13-ին Sherpa և Transparency International հակակոռուպցիոն կազմակերպությունների ուղարկած բողոքն է: Ակտիվիստները հայտարարել են, որ Ֆրանսիայում Ասադը հասցրել է «աներևակայելի հարստություն» կուտակել. ԶԼՄ-ների գնահատականներով՝ 76-ամյա սիրիացու կարողությունը կազմում է 160 միլիոն եվրո:

Ռիֆատ Ասադը Սիրիայից դուրս, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Իսպանիայում է բնակվում 1986 թվականից, դրանից առաջ նա անհաջող փորձ էր արել Սիրիայում  զավթել իշխանությունը: Ասադը Սիրիայի երևելի զինվորական և պետական գործիչներից մեկն էր իր եղբոր՝ Հաֆեզ Ասադի՝ ներկայիս նախագահի հոր նախագահության օրոք: Մասնավորապես՝ նա հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարն էր և 1982 թ. ղեկավարել էր «Մուսուլման եղբայրների» ապստամբության ճնշումը: Արտաքսումից առաջ նա մինչև 1998 թ. ձևականորեն պահպանում էր փոխնախագահի պաշտոնը, սակայն հետո՝ 1999-ին, այսինքն՝ Հաֆեզ Ասադի մահվանից և Բաշար Ասադի՝ իշխանության գալուց մեկ տարի առաջ, նրա կողմնակիցներին սկսեցին հալածանքների ենթարկել: Ռիֆատ Ասադի որդիները հանդես են գալիս Սիրիայի գործող իշխանության ակտիվ քննադատությամբ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանը համաներմամբ ազատ կարձակվի. Համաներման նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Հրայր Թովմասյան. Առաքելյանին մեղսագրվող հոդվածն ընկած չէ սահմանափակումների տակ’