‘
Ֆրանսիան նախապատրաստում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որը նախատեսում է 18 ամսվա ընթացքում պաղեստինա-իսրայելյան հակամարտության կարգավորում, հաղորդել է Le Figaro-ն:
Պարբերականի տվյալներով՝ նախագիծն արդեն արժանացել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսի հավանությանը: Փաստաթղթում նշվում է, որ եթե մեկուկես տարվա ընթացքում բանակցությունների արդյունքում չհաջողվի հասնել հակամարտության «արդարացի, երկարաժամկետ և համապարփակ» կարգավորման, ապա Փարիզը պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը:
Փաստաթուղթը նաև նախատեսում է իսրայելական զորքերի դուրս բերում պաղեստինյան տարածքներից, փախստականների խնդիրների կարգավորում և Երուսաղեմի ճանաչում՝ որպես «երկու ապագա պետությունների մայրաքաղաք»:
Ֆրանսիայի ղեկավարությունը կարծում է, որ բանաձևի տեքստը, որը նախատեսում է երկու պետությունների գոյության սկզբունքի իրականացում և 1967 թ. հունիսի դրությամբ սահմանների ճանաչում, կարող է ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հավանության արժանանալ մինչև այս տարվա սեպտեմբեր:
Փոխանցում է ТАСС-ը:
‘