‘
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին խնդրել են հետաքննել Սիրայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ բոլոր պնդումները, այլ ոչ թե միայն մարտի 19-ի միջադեպը, երբ ընդդիմությունը Հալեպում հարձակում էր իրականացրել՝ թունավոր նյութերի օգտագործմամբ, հաղորդում է РИА Новости-ն: Համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկայի համապատասխան հայտարարությունը տարածվել է հինգշաբթի երեկոյան. Ըստ այդմ՝ Պան Գի Մունն իր հերթին Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային խնդրել է լրացուցիչ տեղեկություններ տրամադրել իրենց կողմից հիշատակված միջադեպերի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը սիրիական իշխանությունները հաղորդեցին, թե զինված ընդդիմությունը քիմիական զենք է կիրառել Հալեպի շրջանում, գրոհի զոհ է դարձել 25 մարդ, ևս 100-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Հինգշաբթի Պան Գի Մունը լրագրողներին տեղեկացրել էր, որ Սիրիայի՝ որպես ՄԱԿ-ի անդամ պետության կառավարության խնդրանքով սկսվում է Հալեպի միջադեպի հետաքննություն: Պան Գի Մունը նաև սիրիական կառավարությանը տեղեկացրել է Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի խնդրանքի մասին՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման ևս երեք ենթադրվող միջադեպեր հետաքննելու վերաբեյալ: Նա հավելել է, որ հետաքննությունը կպահանջի սիրիական իշխանությունների լիակատար համագործակցությունն ու աջակցությունը, ամենից առաջ՝ դեպքի վայրը հետազոտելու առնչությամբ, հաղորդում է Trend-ը:
‘