‘Ֆրանսիացի իսլամիստները թափանցել են Սիրիա և կռվում են ապստամբների կողմում’

741

Իրաքից, Եմենից և Աֆղանստանից հետո ֆրանսիացի իսլամիստներն իրենց հայացքն ուղղել են դեպի Սիրիա: Փորձագետներն արձանագրում են Ֆրանսիայի քաղաքացիների՝ արմատական իսլամական սուննի ուղղության փոքր խմբերի ներթափանցում սիրիական տարածք, որոնք զենքը ձեռքներին կռվում են ընդդիմության կողմում: «Առայժմ հոսքն այնքան էլ մեծ չէ, ինչպես 2003 թ. Իրաքի դեպքում էր, սակայն արդեն բավական թվով գործեր են հարուցվել», «Ֆիգարոյին» տրված հարցազրույցում հայտնել է ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներով զբաղվող ֆրանսիացի դատավոր Մարկ Տրևեդիչը: Ըստ նրա՝ ծայրահեղականները մեկնում են նաև Մալի, որտեղ Լիբիայի դեպքերից հետո բարենպաստ պայմաններ են ստեղծվել զինված խմբավորումների գործունեության համար:

Այսպես կոչված՝ « ազատության մարտիկները» կռվում են սիրիական ապստամբների կողմում և ի դեմս նախագահ Բաշար Ասադի՝ տեսնում են իսլամի առանձին հոսանք դավանող թշնամու: Այդպիսով՝ նրանց «ջիհադը» հիմնականում բացատրվում է կրոնական նկատառումներով:

Առաջին տեղեկությունները ստացվել էին դեռևս այս տարվա գարնանը, երբ Բեյրութի օդանավակայանում անվտանգության ծառայությունները ձերբակալել էին  ֆրանսիացիների մի խմբի: Ինչպես պարզվել էր՝ նրանց ուղևորության վերջնակետը Սիրիան էր, և ամենևին՝ ոչ զբոսաշրջության նպատակով:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչ Ժակ Բերեն «Ֆիգարոյին» պատմել է, որ Սիրիայում  ինքը բուժել է վիրավոր ֆրանսիացիների, ովքեր չեն թաքցրել, որ իրենք ծայրահեղական խմբավորումներից են: Նրանցից ոմանք, վիրաբույժի խոսքերով, մինչև իսկ բացեիբաց հայտարարում էին իրենց համերաշխությունը ալժիրյան ծագումով ֆրանսիացի Մոհամեդ Մերայի հետ, որը հայրենակիցներին ցնցել էր՝ այս տարվա մարտին Տուլուզի հրեական դպրոցում գնդակահարելով յոթ հոգու՝ երեխաների և զինվորականների: 

Նախորդ հոդվածը‘Սիրիան ներողություն է խնդրել Թուրքիայից’
Հաջորդ հոդվածը‘Արեւմտյան եւ արեւելյան տրիբունաների տոմսերը գրեթե սպառվել են’