Ֆրանսիա․ Ժոզեֆինա Բեյքերը կվերահուղարկավորվի Պանթեոնում

140

Նյու Յորքի իշխանությունները երեքշաբթի գիշերը հարգանքի տուրք են մատուցել իրենց հայրենակցուհու՝ Ժոզեֆինա Բեյքերի հիշատակին, որի աճյունն այսօր կտեղափոխվի Փարիզի Պանթեոն։

Մյուզիկ-հոլլի աստղ, ֆրանսիական Դիմադրության շարժման անդամ, քաղաքացիական իրավունքների ակտիվ մարտիկ Ժոզեֆինա Բեյքերը երաժշտական կարիերան սկսել է Նյու Յորքում անցյալ դարի 20-ական թթ․։  Ավելի ու ավելի հաճախ ԱՄՆ-ում ենթարկվելով ռասիստական հարձակումների՝ 1937 թ․ նա հեռացել է Ամերիկայից և ընդունել ֆրանսիական քաղաքացիություն։ Երկրորդ համաշխարհային պատերազմի շրջանում Բեյքերն աշխատել է Դիմադրության շարժման և Ֆրանսիայի ու Հյուսիսային Աֆրիկայի հետախուզությունների համար, դարձել օդաչու, ստացել լեյտենանտի կոչում, ապա պարգևատրվել Դիմադրության և Ազատագրման շքանշաններով, Զինվորական խաչի նշանով և Պատվավոր լեգեոնի շքանշանով։ 1917 թ․ փրկվելով Սենտ-Լուիսում սևամորթների կոտորածից՝ նա ամբողջ կյանքում հանդես է եկել ռասիզմի դեմ և որդեգրել է մաշկի տարբեր գույներ ունեցող 12 երեխաների։

1975 թ․ ապրիլի 8-ին նշելով իր կարիերայի 50-ամյակը՝ չորս օր անց Ժոզեֆինա Բեյքերը մահացել է ուղեղի արյունազեղումից և զինվորական պատիվներով հուղարկավորվել Մոնակոյում։

2021 թ․ ապրիլին նախագահ Էմանյուել Մակրոնը որոշում է կայացրել Ժոզեֆինա Բեյքերին վերահուղարկավորել Փարիզի Պանթեոնում, որտեղ հանգչում են ազգի մեծագույն ներկայացուցիչները, իսկ նա, ինչպես ոչ ոք, «մարմնավորում է Ֆրանսիայի ոգին»։

Վերահուղարկավորման արարողությունը կկայանա այսօր։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ում մեկնարկել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի նախկին ընկերուհու դատավարությունը
Հաջորդ հոդվածըՋեք Դորսին լքում է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը