‘
«Ձեռք չտա՛ս իմ խաչին». Ֆրանսիայում այս կարգախոսով հասարակական շարժում է ծավալվում, որը հրահրվել է Բրետոնի Պլոէրմել քաղաքում տեղադրված՝ Հովհաննես Պողոս II-ի հուշարձանի վրայից խաչը հանելու՝ երկրի պետխորհրդի ընդունած որոշմամբ:
Բարձրագույն իրավաբանական ատյանը քրիստոնեական խորհրդանիշի առկայությունը հասարակական վայրում համարել է հանրապետության աշխարհիկ բնույթին անհարիր: Աջ քաղաքական գործիչներն այդ որոշումը համարել են «խայտառակ» և մոբիլիզացվելու կոչ են արել նրանց, ում համար թանկ են երկրի մշակութային և պատմական արժեքները:
Պոնտիֆիկոսի հուշարձանը Պլոէրմելում տեղադրվել է 2006 թ., և ինչպես պնդում են քաղաքապետարանում, «ոչ մեկին չի խանգարել», քանի դեռ 2009 թ. Ազատ մտքի դաշնության ձախակողմյան ակտիվիստները դատական գործընթաց չեն նախաձեռնել՝ այն հանելու պահանջով: Գործը քննվել է մի քանի ատյաններում, մինչև հասել է պետական խորհուրդ:
Պլոէրմելի քաղաքապետը հիշում է, թե ինչպես է արձանախումբը հայտնվել իրենց քաղաքում: «Դա իմ և Զուրաբ Ծերեթելիի գրազի արդյունքն է: Մի անգամ Մոսկվայում մենք միասին ահագին օղի խմեցինք, և ես նրան առաջարկեցի Հովհաննես Պողոս II-ի հուշարձանն անել մեզ համար: Նա Պուտինից և պատրիարք Ալեքսիից թույլտվություն էր խնդրել, և արդյունքում մենք ստացանք այդ հուշարձանը»:
Խաչը հանելու հետ կապված սկանդալը միջազգային թափ է հավաքում: Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ֆրանսիացիներից գնել իր նշանավոր հայրենակցի հուշարձանը: Սակայն Պլոէրմելում դիտարկում են նաև հուշարձանը որպես մասնավոր սեփականություն վաճառելու տարբերակը:
Փոխանցում է euronews-ը:
‘