‘Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին. Թուրքական մամուլ’

822

«Օլանդն ընդունել Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը»:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախատեսում է Հայաստան այցելել ապրիլի 24-ին»:

Այս մասին հաղորդել է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, որի համաձայն Օլանդը, որը նախատեսում է Հայաստան այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ընդունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին ուղարկված՝ Հայաստան 2013 թվականին այցելելու հրավերը:

Պարբերականը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրները, նշել է, թե Օլանդը նախատեսում է մինչև 2014 թվականին կայանալիք տեղական ընտրությունները «ցեղասպանությանը նվիրված համոզիչ ուղերձով» հանդես գալ ֆրանսիահայ համայնքի առջև:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն անցյալ տարվա հունվարի 23-ին քվեարկել էր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:

Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում էր մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:

Ֆրանսիայի սահմանադրական դատարանը սակայն մոտ մեկ ամիս անց հակասահմանադրական էր ճանաչել այս օրինագիծը:

Ըստ «Հուրիեթի», Ֆրանսիայի նախագահը Սենատի քննարկման չի ներկայացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝ Ֆրանսիայի սահմանադրությունում առկա «տեխնիկական դժվարությունների» պատճառով:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ծախսել է 29 մլն դրամ, Սերժ Սարգսյանը՝ 27 մլն’
Հաջորդ հոդվածը‘Դիդյե Դրոգբա. Ստամբուլում ինձ արկածներ են սպասում’