‘«Коммерсантъ». Բիշքեկում լուսանկարվելիս նկատեցին, որ Սերժ Սարգսյանը չկա’

2595

Երեկ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցավ ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ռուսական «Коммерсантъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը գագաթնաժողովից հետո`  նախագահների լուսանկարման արարողության ընթացքում նկատել է, որ երկրների ղեկավարների շարքերում «լուրջ ճեղքեր կան»՝ բացակայում են ՀԱՊԿ վեց երկրների ղեկավարներից երկուսը՝ Սերժ Սարգսյանը եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ.

 «Վլադիմիր Պուտինը Բիշքեկ ժամանեց վերջիններից մեկը՝ առավոտյան ժամը 6-ին (նախատեսված 3:40-ի փոխարեն): Տարօրինակ է, սակայն, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի նստավայրում նա հայտնվեց առաջիններից մեկը:

Սպասումը հարմարավետ դարձնելու  նպատակով պատվիրակությունների անդամների համար նստավայրի լճակի վրա յուրտայի նման մի բան էին սարքել (որից ստացված տպավորությունը կարելի էր համեմատել միայն ժամանակին Մոսկվայի Կրեմլում լիբիական հեղափոխության առաջնորդ Մուամար Քադաֆիի պատմական այցի ժամանակ խփված վրանի հետ):

Բայց վրանը պետք չեկավ. բանակցությունները շատ շուտով սկսվեցին: Ընդ որում՝ նախագահներներից  երկուսն այնքան ուշացան, որ ուղղակի չեկան: Բիշքեկում այդպես էլ չտեսան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Գագաթնաժողովի մասնակիցների լուսանկարվելու  հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Վլադիմիր Պուտինը, Էմոմալի Ռահմոնը, Նուրսուլթան Նազարբաեւը եւ Ալմազբեկ Աթամբաեւը:  Թեպետ, հաշվի առնելով հանգամանքները, լուսանկարումն այդքան էլ տոնական չստացվեց, թեև, որքան էլ տարօրինակ է, լրագրողներն ուշադրություն չդարձրին նախագահների շարքերում նման ճեղքվածքին եւ այդ առիթով որեւէ մեկին որեւէ հարց չուղղեցին:

Սովորաբար՝ ՀԱՊԿ գագաթնաժողովներն իրենց թափանցիկությամբ չեն փայլում: Երեկվանը փայլում էր իր «անթափանցությամբ»՝ նույնիսկ նախորդների ֆոնին: Որեւէ մեկից որեւէ մեկնաբանություն, նույնիսկ քննարկման առարկայի վերաբերյալ ստանալ հնարավոր չէր (էլ չասած՝ այն բանի վերաբերյալ, ինչը քննարկման ենթակա չէ, այսինքն՝ երկու նախագահների բացակայությունը):

Լրագրողների հետ զրույցի դուրս եկած ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնեց ընդամենը, որ ակտիվորեն քննարկվել է Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հարցը (ըստ «Ъ»-ի տեղեկությունների՝ պարոն Աթամբաեւը, որին ամենաշատն է հուզում այդ թեման, հենց դրա համար էլ գործընկերներին հրավիրել էր Բիշքեկ), աշխույժ բանակցություններ են ընթացել նաեւ Ռուսաստանից Ղազախստանի եւ Ղրղզստանի միջոցով դեպի Տաջիկստան երկաթուղու հնարավոր կառուցման հարցի շուրջ:  

Սերժ Սարգսյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության հետ կապված՝ որեւէ մեկնաբանություն չհնչեց: Նախագահներից ոչ ոք, այդ թվում՝ գագաթնաժողովի տանտերը (իսկ նա նման դեպքերում գոնե կարճ հայտարարության համար հայտնվում է) լրագրողների առաջ այպես էլ դուրս չեկավ: Հնարավոր է՝ ոչ ոք չցանկացավ բացատրություն տալ հենց գործընկերների բացակայության վերաբերյալ:

Ինչեւէ, ինձ հաջողվեց գագաթնաժողովի ավարտից անմիջապես հետո զրուցել ղրղզական պատվիրակության անդամներից մեկի հետ (ռուսերենն այստեղ եթե պետական լեզու էլ չէ, ապա գոնե մայրենիին հավասարազոր է բոլորի համար):

Նրա խոսքերով՝ Ալեքանդր Լուկաշենկոյին Բիշքեկում շատ էին սպասում, բայց հույս էլ չունեին, որ կտեսնեն: Հայտնի է, որ Բելառուսը մեծահոգաբար քաղաքական ապաստան է տվել Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ նրա ընտանիքի անդամներին, որոնց արտահանձնումն արդեն մի քանի տարի Ղրղզստանը պահանջում է: Ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը չի ցանկացել լսել այդ պահանջները հերոսի հայրենիքում, որին նա ամենայն պատվով ապաստան է տվել Բելառուսում:

Սերժ Սարգսյանի հետ կապված՝ վարկածները տարբեր են: Ամենատարածվածը՝ նրա բացակայությամբ ոչ ոք առանձնապես չի էլ հետաքրքրվել: Ի վերջո, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման հետեւանքները նրան այդքան էլ չեն հետաքրքրում գոնե այն պատճառով, որ Հայաստանը Աֆղանստանից բավարար չափով հեռու է գտնվում:

Ինչեւէ, «Ъ»-ի տեղեկությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանը գործընկերներին տեղյակ է պահել, որ չի կարող գալ, որովհետեւ շատ զբաղված է ներքին գործերով: 

Միայն այս հանգամանքը խոսում է այն մասին, թե որքանով թանկ է ՀԱՊԿ-ի նման կազմակերպությունը նրա մասնակիցների համար:

Առնվազն՝ քանի դեռ այստեղ նրանց անձնական խնդիրները չեն քննարկվում:  Եւ, ի միջի այլոց՝ իզուր:

Ի վերջո, Կուրմանբեկ Բակիեւ կարող է դառնալ նրանցից յուրաքանչյուրը, նույնիսկ Ալեքսանդր Լուկաշոնկոն: Մինչդեռ  Ալեքսանդր Լուկաշենկո՝ ոչ, ամեն մեկը չի կարող դառնալ»: 

Նախորդ հոդվածը‘Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին’
Հաջորդ հոդվածը‘Գագիկ Ջհանգիրյանը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին’