«Комсомольская правда»-ն փակում է իր ներկայացուցչությունը Բելառուսում

442

«Комсомольская правда» թերթը որոշում է կայացրել փակել իր ներկայացուցչությունը Բելառուսում՝ երկրի տարածքում պարբերականն արգելափակելուց և իր լրագրող Գենադի Մոժեյկոյին ձերբակալելուց հետո, երեքշաբթի հայտնել է խմբագրակազմը։

«Վերլուծելով վերջին տարվա և հատկապես վերջին շաբաթվա իրադարձությունները՝ «Комсомольская правда»-ն որոշում է կայացրել փակել իր ներկայացուցչությունը Մինսկում։ Բոլոր աշխատակիցներին դրամական փոխհատուցում կտրվի կամ աշխատանք կառաջարկվի թերթի այլ խմբագրություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Комсомольская правда»-ի կայքը Բելառուսում արգելափակվել է սեպտեմբերի 29-ին։ Բելառուսի տեղեկատվության նախարարությունում հայտարարել են, որ պատճառն այն հոդվածն է, որը սպառնում է ազգային անվտանգությանը։ КП-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը հայտնել է, որ արգելափակումը կատարվել է IT-ընկերության աշխատակից Անդրեյ Զելցերի համադասարանցու մեկնաբանության հրապարակումից հետո, որը, ենթադրաբար, զոհվել էր Բելառուսի ՊԱԿ աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ սեպտեմբերի 28-ին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ձերբակալվել է հոդվածի հեղինակը՝ բելառուսական «Комсомолка»-ի լրագրող Գենադի Մոժեյկոն,  քրեական գործեր են հարուցվել «Ատելության հրահրում» և «Վիրավորանք իշխանության ներկայացուցչին» հոդվածներով։ Այդ հոդվածներով նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Մոժեյկոյին դեռ մեղադրանք չի առաջադրվել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՑուկերբերգը հերքում է նախկին աշխատակցուհու մեղադրանքները
Հաջորդ հոդվածըԲեռլինում ներկայացվեցին Եվրո-2024-ի բրենդը, լոգոն եւ կարգախոսը