‘Норки Айгинер-ում պատրաստված զուգարանի թուղթ` Սերգո Երիցյանի համար’

1307

Այն, որ Հայաստանում պետական լեզվի գործածության նորմերի խախտման փաստերն ամեն քայլափոխի են, թերեւս, բոլորը գիտեն:

Շատերիս, հավանաբար, արդեն չի էլ վրդովում, որ մեր երկրի (որի գրեթե ողջ բնակչության մայրենի լեզուն հայերենն է) քաղաքներում առեւտրի, զվարճանքի օբյեկտների լուսագրերը, խանութներում` ներմուծված ու տեղական արտադրության ապրանքները հիմնականում օտար լեզվով են մակնշված:

Ճարտարապետ-նախագծողներ Մարտին եւ Արամայիս Ասլանյան եղբայրները որոշել են Լեզվի պետական տեսչության (որը, դատելով անվանումից, պարտավոր է վերահսկել այս ոլորտում տիրող իրավիճակը) ուշադրությունը հրավիրել լեզվի մասին օրենքի երկու ակնհայտ խախտումների վրա:

«Երևանի Հակոբ Հակոբյան փողոցում, նախկին «Մերգելյան ինստիտուտ» տանող հատվածում գործող բաց շուկայի կրպակներից մեկում վաճառվում է երևանյան արտադրության զուգարանի թուղթ (գլանափաթեթ): Նրա վրա գրված է “Мягкая туалетная бумага РАДУГА, ООО “БУМИЗ”, 010 65 12 82, Норки Айгинер 193/1” ուրիշ ոչինչ: Ինչպես նկատեցիք` հայերեն ոչ մի բառ: Ինչու՞….», — գրել են Ասլանյան եղբայրները Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանին հղված նամակում:

Երկրորդ խնդիրը, որը նրանք ներկայացրել են, Երևանի Բուզանդի և Մելիք-Ադամյան փողոցների հատույթում վեր խոյացած դասական ոճով նորակառույց շենքին է վերաբերում (այս շենքի ճարտարապետն, ի դեպ, Նարեկ Սարգսյանն է, եւ ըստ որոշ տեղեկությունների` Հայ բարեգործական ընդհանուր միության գրասենյակն է լինելու:):

«Շենքը պատրաստ է: Մուտքերից մեկին ամրակցված է “ROYAL CLASSIC HOUSE ՌՈՅԱԼ ԿԼԱՍԻԿ ՀԱՈՒԶ” անվանագիրը:

Ձեզ չի՞ անհանգստացնում լատինատառ և հայատառ գրառումների ենթակարգությունը (սուբորդինացիա). տառերի բարձրությունը, հաստությունը, առաջին և երկրորդ տողերում տեղադրությունը…», — գրում են նամակի հեղինակները` ընդգծելով, որ վերը նշված փաստերը բացառություն չեն, այլ` ամենաթողություն երևույթի և Լեզվի տեսչության անգործունակության բացահայտիչներից միայն երկուսը:

Նամակագիրներն ակնկալում են Լեզվի տեսչության սեղմ ու անաչառ վերլուծությունը և նշված փաստերի կապակցությամբ իրականացվելիք քայլերի նկարագրությունը:

Ի դեպ, iLur.am-ի հետ զրույցում Արամայիս Ասլանյանը նշեց, որ նամակի հետ միասին հասցեատիրոջը` Սերգո Երիցյանին են ուղարկել իրենց ներկայացրած փաստերից մեկի «իրեղեն ապացույցը»` զուգարանի թղթի մեկ գլանափաթեթ:

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայի ճգնաժամը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. 2013-ին իշխանությունների «ձեռքբերումը» Հայաստանի` խաղացողի կարգավիճակի վերջնական կորուստն էր’